«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ Տիգրանաշենում կազմակերպված ծառատունկը գյուղի հնարավոր հանձնման դեմ առաջին ակցիաներից մեկն էր։ 24News-ին տված հարցազրույցում նա նաև անդրադարձել է ընդդիմության համախմբմանը, Սահմանադրության փոփոխությանն ու եկեղեցու շուրջ իրադարձություններին։
Կարապետյանի խոսքով՝ դաշինքը մտադիր է զարգացնել Տիգրանաշենը և գյուղի ապագայի հարցին հրավիրել ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ միջազգային կառույցների ուշադրությունը։
«Մենք չենք ուզում հանձնեն Տիգրանաշենը, մենք ասում ենք՝ մենք զարգացնելու ենք Տիգրանաշենը, իհարկե, ոչ միայն Տիգրանաշենը, բայց քանի որ այսօր Տիգրանաշենն է վտանգի տակ, առավել ևս պետք է ուշադրություն դարձնել»,- ասել է նա։
Հարցին, թե նման ակցիաներն ինչպե՞ս կարող են խանգարել իշխանությունների քայլերին, Կարապետյանը պատասխանել է, որ նպատակը պետք է լինի իշխանափոխությունը։
«Իշխանություններին պետք չէ ոչինչ ստիպել, իշխանություններին պետք է հեռացնել, դրա համար արվում են ակցիաներ՝ հայ ժողովրդին արթնացնելու համար։ Ազգային ժողովում զուգահեռ ակտիվ հիմա հնչեցվելու են այդ հարցերը։ Ամենակարևորը, որ հայ ժողովուրդը զգա ու հասկանա, որ նորից մենք գնում ենք զիջումների և ամեն ինչ անի, որ մեկ օր շուտ մենք ազատվենք այս իշխանություններից»,- հայտարարել է նա։
Անդրադառնալով ընդդիմության համախմբմանը՝ Կարապետյանը նշել է, որ նախ պետք է հստակեցնել, թե որ ուժերն են իրական ընդդիմություն։ Նրա խոսքով՝ հանդիպումներ են ունեցել այն ուժերի հետ, որոնք իշխանափոխության նպատակ ունեն։
«Իսկ կան ընդդիմադիր ուժեր, ովքեր իրենց սև գործն արեցին ընտրական փուլում։ Դրանց մենք համարում ենք Փաշինյանի պրոքսի ուժեր»,- ասել է Կարապետյանը։
Նա պնդել է, որ «Ուժեղ Հայաստան»-ին այսօր քննադատող որոշ ուժեր ընտրությունների ժամանակ օգնել են Փաշինյանին պահպանել իշխանությունը, և բացառել է նրանց հետ համախմբումը։
Լրագրողի ճշտող հարցին՝ նկատի ունի՞ խորհրդարան չանցած բոլոր ուժերին, որոնք հանդես էին գալիս ընդդիմադիր դիրքերից, Կարապետյանը պատասխանել է․ «Բացառությամբ երևի մեկ ուժի, բայց մենք իրենց հետ չենք կարողանում պայմանավորվել իրենց ամբիցիաների պատճառով, մնացածին՝ բոլորին»։ Նա չի նշել այդ ուժի անունը։
Երբ լրագրողը հարցրել է Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին, Կարապետյանը հայտարարել է, որ Ծառուկյանը, իր գնահատմամբ, ակամա օգնել է իշխանությանը։
«Դե ֆակտո օգնեց իշխանությանը, չուզելով օգնեց իշխանությանը։ Ճիշտ է, այս իշխանությունները գողացան Ծառուկյանի ձայները, բայց դե ֆակտո օգնեց»,- ասել է նա։
Կարապետյանը միաժամանակ ընդգծել է, որ դաշինքն ունի իրեն աջակցող ուժեր, և նրանց հետ համագործակցությունը շարունակվում է։
«Թե նախընտրական փուլում, թե հիմա կան հայրենասեր, մեզ աջակցող ուժեր, ովքեր մեզ հետ են, մեզ հետ պայքարում են և մեզ հետ պայքարելու են ու հասնելու են հաջողության»,- նշել է նա։
Դաշինքի առաջնորդը պարզաբանել է, որ սկզբում ցանկացել էր քննարկումներն անցկացնել ուղիղ եթերում՝ լրագրողների մասնակցությամբ, սակայն որոշ ուժերի ղեկավարներ առաջարկել են փակ հանդիպումներ։ Նրա խոսքով՝ այդ քննարկումները շարունակվում են, և ձևավորվում են նոր մոտեցումներ։
Կարապետյանը նաև վստահություն է հայտնել, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հնարավոր ճնշումների հետևանքով չեն աջակցի նոր Սահմանադրությանը։ Նա դա հիմնավորել է նրանով, որ իր թիմակիցներից շատերն արդեն անցել են կալանքների և իր բնորոշմամբ՝ նախընտրական բռնաճնշումների միջով։
«Ոչ ոք չի կոտրվել։ 360 մարդ, գտնվելով տարբեր տիպի կալանքի տակ, ոչ մեկը չի կոտրվել։ Ես վստահ եմ, որ մեր պատգամավորները հասկանում են խնդիրը, հասկանում են, որ այդ խնդիրը տանելու է մեր երկրի կործանմանը և չեն գնա այդպիսի քայլի»,- հայտարարել է նա։
Անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու շուրջ իրադարձություններին՝ Կարապետյանն ընդգծել է, որ ընդդիմությունը կանգնած է եկեղեցու կողքին։ Նրա խոսքով՝ եկեղեցու դեմ երկու լուրջ հարձակումների ժամանակ իր քաղաքական ուժն աջակցել է եկեղեցուն և շարունակելու է նույն կերպ գործել։
«Փաշինյանին չի հաջողվելու հաջողություն ունենալ եկեղեցու հարցում, չի հաջողվելու հաջողություն ունենալ Սահմանադրության հարցում, չի հաջողվելու հաջողություն ունենալ Տիգրանաշենի հարցում»,- ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ, իր կարծիքով, վարչապետը նույնպես դա հասկանում է։