Հայաստանը պետք է հիմնավորի Իրանի հետ հարաբերությունների անհրաժեշտությունը․ իրանագետ

Հայաստանը պետք է հիմնավորի Իրանի հետ հարաբերությունների անհրաժեշտությունը․ իրանագետ

Քաղաքականություն

Սեպտեմբերի 23-ին Երեւանից Թեհրան նախատեսված երեք չվերթներից մեկը չեղարկվել է։ Վաղը նախատեսված երկու չվերթներից մեկը եւս չեղարկվել է։ Դեպի Թավրիզ վաղվա չվերթի ժամանակացույցում փոփոխություն չի նախատեսվում։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի կայքէջից։

ԱՄՆ կառավարությունը սեպտեմբերի 8-ին հայտարարել էր Իրի դեման տնտեսական խստագույն պատժամիջոցների շրջանակում Իրանի քաղաքացիական ավիացիայի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու մասին։ Ադրբեջանը երեկվանից դադարեցրել է իրանական ավիաընկերությունների չվերթները։ Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ՝ այդ որոշումը կայացվել է պատժամիջոցների խստացումից հետո։

Արդյո՞ք Հայաստանը եւս ստիպված կլինի դադարեցնել Իրանի հետ քաղաքացիական ուղեւորափոխադրումները։

Իրանագետ Նվեր Դավթյանի խոսքով՝ պատժամիջոցների տեսանկյունից դեռ լիարժեք պարզ չէ, թե ինչու է Ադրբեջանը նման որոշում կայացրել։ Հայաստանի դեպքում, ըստ նրա, կարեւոր է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը՝ թե ինչպես է Երեւանը մեկնաբանելու թռիչքների պահպանման անհրաժեշտությունը եւ ինչ հիմնավորումներ է ներկայացնելու Միացյալ Նահանգներին։

Իրանագետի գնահատմամբ՝ Հայաստանը ներկա փուլում պետք է հիմնավորի Իրանի Իսլամական Հանրապետության հետ իր բոլոր տեսակի հարաբերությունները։

«Փորձենք նայել մեր ապրանքաշրջանառության ծավալներին։ Այն, ինչ մենք ներմուծում ենք Իրանից, նախատեսված է մեր ներքին սպառման համար։ Դրանց մեծ մասը կենսական անհրաժեշտության ապրանքներ են։ Այստեղ այնպիսի իրավիճակ չէ, որ Իրանը Հայաստանը օգտագործի որպես պատժամիջոցները շրջանցելու միջոց կամ Եվրոպայի, այլ երկրների հետ ինչ-որ գործարքներ իրականացնելու համար։ Մենք նույն իրավիճակում չենք, ի տարբերություն, օրինակ, Հնդկաստանի»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Նվեր Դավթյանը։

Ըստ իրանագետի՝ դեռ այնպիսի իրավիճակ չէ, որ Հայաստանը ստիպված լինի ընտրություն կատարել Իրանի հետ հարաբերությունների եւ Արեւմուտքի պահանջների միջեւ։

«Իրենք էլ դեռ ամբողջությամբ չեն պատկերացնում, թե Իրանի հետ իրենց հարաբերություններն ինչպես են լինելու։ Ռազմական գործողությունների մասով ակտիվ փուլում չեն, սակայն մնացած ուղղություններով պատերազմը շարունակվում է։ Եվ մենք չգիտենք՝ ինչ համաձայնության կգան կամ ձեռք բերված համաձայնությունների որ դրույթները կկատարվեն»,- «Ա1+»-ին ասաց իրանագետը։

«Ա1+»-ը փորձել է պարզաբանում ստանալ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից՝ չվերթների չեղարկման պատճառների եւ Իրանի հետ քաղաքացիական օդային հաղորդակցության հնարավոր սահմանափակումների վերաբերյալ, սակայն պատասխան չի ստացել։

Leave a comment