Միրզոյանը ղազախ պաշտոնակցի հետ քննարկել է Արևելք-Արևմուտք տրանսպորտային երթուղիները

Բաժանորդագրվել

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են բազմամոդալ տրանսպորտային փոխադրումների զարգացումը։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Ղազախստանի ԱԳ նորանշանակ նախարար Մուխտար Տլեուբերդին քննարկել են Արևելք-Արևմուտք տրանսպորտային երթուղիների զարգացումը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում:

Միրզոյանը շնորհավորել է Տլեուբերդիին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ (Տլեուբերդին վերանշանակվել է այս պաշտոնում մի քանի տարվա դադարից հետո, նախկինում նույն պաշտոնը զբաղեցրել է 2019-2023 թթ․ խմբ․)։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմավարական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ տրանսպորտային հաղորդակցությունների և մուլտիմոդալ փոխադրումների (տրանսպորտի տարբեր տեսակների կիրառմամբ. խմբ․) զարգացմանն առնչվող։

Քննարկվել են նաև երկկողմ առևտրի ընդլայնմանն առնչվող հարցեր: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկկողմ շփումների ակտիվ դինամիկան։

Հիշեցնենք, որ 2024 թվականին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, իսկ նույն թվականի հոկտեմբերին՝ Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը։ Այս տարվա հոկտեմբերին սպասվում է Տոկաևի ևս մեկ այց։ Հայկական կողմից 2025 թվականի ընթացքում պաշտոնական այցերով Ղազախստան են այցելել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Leave a comment