Արցախահայերի շրջանում աղքատությունը 60-70 տոկոս է կազմում. Արտակ Բեգլարյան

«Այն կարգավիճակը, որ մեզ տրվել է սովորական օրենսդրական կարգավորումների շրջանակում, համապատասխան չէր մեր իրավիճակին ու խնդիրներին։ Մեզ զրկելով ՀՀ քաղաքացիությունից ու տալով սովորական փախստականի կարգավիճակ, ինչպիսիք ստանում են ոչ հայ փախստականները, դրա հետևանքով բազմաթիվ խնդիրների առաջ ենք կանգնել»,- այսօր ԱԺ-ում «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրներ եւ լուծումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան, Արցախ միության ղեկավար Արտակ Բեգլարյանը։

Խոսելով արցախահայերի խնդիրներից, Բեգլարյանը նախ սոցիալական խնդրին անդրադարձավ.   «Սոցիալական կարիքների վիճակը ծայրահեղ է, երբ շատերի դեպքում ամբողջապես կամ մասնակի կրճատվեց սոցիալական աջակցությունը, դեռևս բնակարանային կարիքների ապահովման խնդիրը չլուծված, արդյունքում շատ արցախցիների սոցիալական վիճակը վատթարացավ, ու միտումը դեպի բացասականն է գնում։ Տարբեր գնահատականներով՝ արցախցիների շրջանում աղքատությունը մոտ 60-70 տոկոս է կազմում»:

Բնակարանների կարիքների ապահովմանն անդրադառնալով՝ Բեգլարյանը նկատեց, որ փոխանակ կառավարությունը խթանի առաջնային շուկայից գնումը կամ կառուցապատումը արցախցիների կողմից, խթանել է երկրորդային շուկայից գնումը։ Ըստ նրա՝ բնակարաններ ձեռք բերած ավելի քան 4000 արցախցի ընտանիքներ օգտվել են երկրորդային շուկայից. «Սրա միջոցով արհեստական գնաճ է խթանվել, սրա պատճառով տնտեսական որևէ ավելացված արժեք չի ստեղծվել»:

Բեգլարյանի խոսքով՝ չի լուծվել նաև արցախահայերի զբաղվածության խնդիրը։ Ըստ նրա՝ պետական աջակցության ծրագրերի վիճակագրությունը բավականին տխուր է, ու արդյունավետությունը հարցականի տակ է. «Չենք տեսնում, որ այդ հետևություններից հետո բավարար բարեփոխումներ եղած լինեն։ Անցած տարվա տվյալով՝ մոտ 22.000 արցախցի էր աշխատում, այսինքն՝ աշխատունակ տարիքի արցախահայերի  շրջանում գործազրկությունը 65-70 տոկոս է»:

Բեգլարյանը խնդիր է  տեսնում նաև քաղաքական ու մերձքաղաքական շրջանակների կողմից պարբերաբար ատելության խոսքի գեներացումը  արցախահայերի նկատմամբ, ինչը, ըստ նրա,  լրացուցիչ սրում է արցախահայերի՝ տարբեր ոլորտներում ինտեգրման խնդիրները ու արհեստականորեն լրացուցիչ արգելքներ է առաջացնում արցախցիների համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment