Եվրամիության Խորհուրդը վաղը՝ սեպտեմբերի 24-ին, կհաստատի Հայաստանի արտադրանքի նկատմամբ առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցների մասին կանոնակարգը։
Խորհրդի մամուլի ծառայությունից Factor TV-ին հայտնեցին, որ հարցը ԵՄ Մրցունակության հարցերով խորհրդի (COMPET Council) վաղվա նիստի օրակարգում ներառված է որպես «A» կետ, ինչը նշանակում է, որ այն նախապես համաձայնեցված է և պետք է ընդունվի առանց քննարկման։
Մրցունակության հարցերով խորհուրդը ԵՄ Խորհրդի նախարարական կազմավորումներից մեկն է։ Այն համախմբում է անդամ երկրների ներքին շուկայի, արդյունաբերության, առևտրի, հետազոտության և տիեզերքի ոլորտների պատասխանատու նախարարներին՝ կախված տվյալ նիստի օրակարգից։
Ըստ մամուլի ծառայության՝ կանոնակարգի վերջնական ստորագրումը նախատեսվում է Եվրոպական խորհրդարանի հոկտեմբերի 5-8-ի լիագումար նստաշրջանի ընթացքում։ Այն կստորագրվի Եվրոպական խորհրդարանի ու ԵՄ Խորհրդի նախագահների կողմից, այնուհետև կհրապարակվի Եվրամիության պաշտոնական տեղեկագրում։ Կանոնակարգն ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրը։
Հիշեցնենք՝ Եվրահանձնաժողովի նախաձեռնած կանոնակարգը նախատեսում է երկու տարի ժամկետով վերացնել կամ նվազեցնել ԵՄ ներմուծման մաքսատուրքերը Հայաստանից արտահանվող ապրանքների զգալի մասի համար։
Եվրոպական խորհրդարանը նախաձեռնությանը հավանություն էր տվել սեպտեմբերի 15-ին՝ ձայների 583 կողմ, 49 դեմ և 39 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Պաշտոնական Բրյուսելը սա ներկայացնում է որպես Հայաստանի տնտեսությանն աջակցության քայլ՝ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառված առևտրային սահմանափակումների պայմաններում։
ԵՄ կառույցների գնահատմամբ՝ առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցները վերաբերում են Հայաստանից դեպի ԵՄ արտահանման շուրջ 80 տոկոսին։
Միջոցները, մասնավորապես, կարող են ընդգրկել դեպի Ռուսաստան արտահանվող հայկական թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի գրեթե 99 տոկոսը, ինչպես նաև խմիչքների և սպիրտային ըմպելիքների ավելի քան 91 տոկոսը՝ այդ արտադրանքի համար ԵՄ շուկայում այլընտրանքային հնարավորություններ ստեղծելով։
ԵՄ-ի առաջարկած ինքնավար առևտրային միջոցները նաև ներառում են պաշտպանական մեխանիզմներ։ Դրանց միջոցով ԵՄ-ն կարող է միջամտել, եթե ներմուծման աճը զգալի վնաս հասցնի եվրոպացի արտադրողներին, ընդհուպ՝ ժամանակավորապես կասեցնելով արտոնությունները։
Կարինե Ասատրյան
Բրյուսել