Դիանա Մեդիսոնի՝ Արցախի ելքի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Լոս Անջելեսի Arpa IFF կինոփառատոնում

Դիանա Մեդիսոնի «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմը, որը պատմում է արցախահայության հարկադիր տեղահանության մասին, կցուցադրվի սեպտեմբերի 27-ին Լոս Անջելեսում անցկացվող Arpa IFF-ի 29-րդ կինոփառատոնի շրջանակում։

Ֆիլմը ներկայացնում է 2023 թվականի սեպտեմբերի ողբերգական իրադարձությունները, երբ ավելի քան 100 հազար հայեր ստիպված լքեցին Արցախը։ Բացի այդ, հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու նաև ռեժիսորի մեկ այլ աշխատանք՝ «Փառքի մյուս կողմը» ֆիլմը, որտեղ Մեդիսոնը մարմնավորել է Միայի կերպարը։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 24-ին։

Փառատոնի փակման արարողության ընթացքում Դիանա Մեդիսոնը կինոարվեստում ունեցած ներդրման համար կարժանանա Breakthrough Artist Award մրցանակին։ Միջոցառման վարողը կլինի ամերիկահայ դերասանուհի և հասարակական գործիչ Սոնյա Քեշիշյանը։

Դիանա Մեդիսոնը Լոս Անջելեսում բնակվող հայկական ծագմամբ դերասանուհի, պրոդյուսեր, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր և գործարար է, ինչպես նաև Diana Madison Beauty կոսմետիկ ապրանքանիշի հիմնադիրը։

Arpa International Film Festival-ը անցկացվում է ամեն տարի՝ 1995 թվականից սկսած, և աջակցում է անկախ կինոգործիչներին՝ կինոյի միջոցով խթանելով փոխըմբռնման և կարեկցանքի մշակույթը։

Alpha News

Leave a comment