Արցախցիների ընթացիկ սոցիալական կարիքների մասով վիճակը ծայրահեղ է, հատկապես երբ կրճատվեց կամ նվազեցվեց սոցիալական աջակցությունը՝ դեռևս բնակարանային խնդիրը չլուծելով։ Այս մասին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրներ և լուծումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ շեշտելով, որ արցախցիների սոցիալական վիճակը վատթարացել և միտումը դեպի բացասականն է գնում։
Բեգլարյանը նշեց, որ Արցախի բռնի տեղահանված ժողովուրդը Հայաստանում ինտեգրման հետ կապված մի շարք խնդիրների առաջ է կանգնել։
«Առաջին խնդիրը կարգավիճակն է։ Այն կարգավիճակը, որ մեզ տրվել է համապատասխան չէ մեր խնդիրներին ու իրավիճակին։ Մասնավորապես, մեզ զրկելով ՀՀ քաղաքացիությունից և տալով սովորական փախստականի կարգավիճակ, ինչպիսին ստանում են ոչ հայ փախստականները, դրա հետևանքով մենք բազմաթիվ խնդիրների առաջ ենք կանգնել։ Լուծումը պիտի լիներ այն, որ մենք մնում ենք ՀՀ քաղաքացիներ՝ համապատասխան փոփոխոոթյուն է կատարվում օրենսդրական կարգավորումների մեջ և կոնկրետ կարգավիճակ է տրվում բռնի տեղահանված անձանց։ Արցախի ժողովուրդը, հաշվի առնելով, որ ցեղասպանության և էթնիկ զտման զոհ է դարձել, պետք է նմանատիպ մի կարգավիճակ ունենար և դա սոցիալական մի շարք կարգավորումների իրավական հիմք լիներ։ Օրինակ՝ դրանով կկարգավորվեր բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհված անձանց հարազատների կարգավիճակի հարցը»,- պարզաբանեց նա։
Արցախի նախկին պետնախարարը տեղեկացրեց, որ գործազրկությունն արցախցիների շրջանում 60-70 տոկոս է։