Իրանը ոչ թե ահաբեկչություն իրականացնող է, այլ՝ ահաբեկչության զոհ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
Ելույթի սկզբում Իրանի նախագահն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավելի վաղ հնչեցրած հայտարարություններին։ «ԱՄՆ նախագահը մեզ ահաբեկիչներ անվանեց։ Մենք ահաբեկչության զոհ ենք եղել», – ասել է նա։
– Ես գալիս եմ մի Իրանից, որտեղ մեր հարգարժան Գերագույն առաջնորդը սպանվեց առանց որևէ իրավական հիմքի կամ արդարացման։ Ես գալիս եմ մի Իրանից, որտեղ դպրոցը փաստացի ռմբակոծության ենթարկվեց։ Տեսնո՞ւմ եք այս երեխաներին։ Այս երեխաները զոհվեցին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից կիրառված զենքերի ռումբերի տակ։ Նրանք անմեղ էին և ոչ մի հանցանք չէին գործել։ Մեր անմեղ ժողովուրդը դարձավ մեր երկրի դեմ ուղղված ստոր հարձակումների թիրախ։ Մենք պաշտպանվեցինք՝ օգտագործելով մեր ունեցած ողջ ուժը։
– Ամերիկան և Իսրայելը հարձակվեցին մեզ վրա՝ կիրառելով գերժամանակակից տեխնոլոգիաներ։ Նրանք հարվածեցին մեզ, սակայն մենք չընկրկեցինք։ Մենք պատասխան հարված հասցրինք, բայց չթիրախավորեցինք խաղաղ բնակչությանը։ Նրանք ներխուժեցին մեր տարածքներ և հարվածեցին մեր համալսարաններին, առողջապահական կենտրոններին, դպրոցներին ու հիվանդանոցներին։
– Իսրայելը հարվածում է ցանկացած քաղաքի կամ նահանգի բնակելի թաղամասերի՝ իրականացնելով սպանություններ իսկական ահաբեկչի պես։ Գազայում դաժանաբար սպանվել է ավելի քան 80 000 խաղաղ բնակիչ։ Նրանք ցեղասպանություն են իրականացնում՝ օգտագործելով իրենց տրամադրության տակ եղած տեխնոլոգիաները։ Եվ այնուամենայնիվ, նրանք ուրիշներին պիտակավորում են որպես ահաբեկիչներ։ Մի՞թե մենք ենք անկայունության աղբյուրը։ Մենք պարզապես ձգտում ենք ապրել անկախ։
– Վերջին երկու դարերի ընթացքում Իրանը չի հարձակվել ոչ մի երկրի կամ տարածքի վրա, թեև մենք միշտ վճռականորեն պաշտպանվել ենք։ Այնուամենայնիվ, այժմ մեզ մեղադրում են տարածաշրջանում անկայունության աղբյուր լինելու մեջ։ Մեզ պիտակավորում են որպես ահաբեկիչներ։ Մենք չենք ցանկանում օգտագործել մեր ուժը հեգեմոնիայի համար, ինչպես նաև չենք ձգտում ապահովել մեր անվտանգությունը ուրիշների անվտանգության հաշվին։
– Մենք ո՛չ գլուխ կխոնարհենք, ո՛չ էլ կհրաժարվենք մեր անօտարելի իրավունքից։ Մենք հստակ հայտարարում ենք՝ ոչ մի միջուկային զենք և ոչ մի սահմանափակում խաղաղ միջուկային տեխնոլոգիաների հարցում։
– Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, բայց չի ընդունում ուժի լեզուն։
Ելույթի ընթացքում ԱՄՆ միակ ներկայացուցիչը լքել է դահլիճը։