«Արամ Խաչատրյան» համերգասրահում օրերս կայացավ Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման հանդիսավոր երեկոն։ Մեր երկրի գլխավոր սիմֆոնիկ նվագախումբը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը, ազդարարեց 101-րդ համերգաշրջանի մեկնարկը։
Ավելի քան մեկ դար Ֆիլհարմոնիկը հանդիսանում է Հայաստանի մշակութային այցեքարտը, հայ ակադեմիական երաժշտարվեստի դարբնոցն ու պատմական ժառանգության պահապանը։ Թևակոխելով երկրորդ հարյուրամյակ՝ նվագախումբը բացում է զարգացման ու հաղթանակների նոր էջ, և վստահ ենք, որ գալիք սերունդները դեռ մեծ շուքով կտոնեն նաև Ազգային ֆիլհարմոնիկի 200-ամյակը։
Վերադառնալով Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոնին՝ նշենք, որ վերջինս այս տարի նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Բացման համերգին հնչեցին համաշխարհային երաժշտարվեստի գլուխգործոցներ՝ Ավետ Տերտերյանի հզոր և տիեզերական Սիմֆոնիա թիվ 7-ը և Յան Սիբելիուսի վեհաշուք Սիմֆոնիա թիվ 7-ը, ինչպես նաև Մորիս Ռավելի նրբագեղ Դաշնամուրի կոնցերտն ու Միրոսլավ Սկորիկի ինքնատիպ «Հուցուլյան տրիպտիխը», որը հայաստանյան պրեմիերա էր։
Համերգի մենակատարն էր հռչակավոր, տիտղոսակիր դաշնակահար Ժան-Էֆլամ Բավուզեն (Ֆրանսիա), որը բացառիկ նրբագեղությամբ և կոնցերտին հատուկ ջազային ռիթմերի ու հարմոնիաների ոճային ընդգծմամբ ներկայացրեց Ռավելի գլուխգործոցը։ Նվագախումբը, որին կոմպոզիտորը հատկացրել է շատ խրթին նվագաբաժին, փայլեց այս ստեղծագործության մեջ, հատկապես աչքի ընկան փողայինների մենանվագները՝ վիրտուոզ կատարումներով և մենակատարի հետ հարմոնիկ զուգանվագներով։
Aravot.am-ի հետ զրույցում, բեմելից առաջ, Ժան-Էֆլամ Բավուզեն խոստովանեց․
«Ես քառորդ մասով հայ եմ և մեծ փափագ ունեի Հայաստան գալ։ Սա իմ առաջին այցելությունն է, որին շատ երկար եմ սպասել, անսահման ոգևորված եմ Ազգային ֆիլհարմոնիկի հետ համատեղ ելույթով։ Շատ ինքնատիպ ու նվագախմբի համար խրթին ստեղծագործություն ենք կատարում, և նվագախումբն իրեն լավագույնս է դրսևորում այս գործի մեջ։ Ամեն ինչ շատ բարձր մակարդակի վրա է»։
Այդ երեկո դիրիժորական վահանակի մոտ էր հայ ունկնդրի կողմից սիրված ու սպասված, անվանի մաեստրո Կիրիլ Կարաբիցը (Մեծ Բրիտանիա), որին ժամանակին ներկայացրել ենք և ով այս անգամ կրկին մեծ վարպետությամբ ու զգացմունքայնությամբ ղեկավարեց նվագախումբը։
Մեզ հետ զրույցում ֆիլհարմոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աստղիկ Դալլաքյանը, ի պատասխան հարցի, նախ ասաց, որ Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոնի ընթացքում սպասվում են նշանակալի երաժշտական իրադարձություններ, համերգաշրջանը առատ կլինի հայաստանյան պրեմիերաներով, և ոչ միայն։
Հետո տեղեկացրեց․
«Ի թիվս մի շարք հետաքրքիր համերգների՝ մեր երկրում առաջին անգամ ելույթ կունենա աշխարհի լավագույն շեփորահարներից Պաչո Ֆլորեսը՝ դիրիժոր Լուիս Կաստիլլո-Բրիսենյոյի ղեկավարությամբ, ընդ որում՝ հայաստանյան պրեմիերաներով հարուստ ինքնատիպ ծրագրով։ Հաջորդիվ, մոցարտյան արիաներով հանդես կգա մեր սիրելի հայրենակցուհի Աննա Ագլատովան։ Կկայանա իր սերնդի լավագույն տենորներից մեկի՝ Պենե Պատիի մենահամերգը։ Կնշվի նշանավոր հայ ջութակահարուհի Անահիտ Ցիցիկյանի 100-ամյակը՝ համերգին ելույթ կունենա հռչակավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ Դե իսկ փառատոնը կեզրափակի լեգենդար դաշնակահար Գրիգորի Սոկոլովը՝ նոյեմբերի 14-ին։ Երաժիշտ, ում յուրաքանչյուր հպումը ստեղնաշարին դառնում է պատմություն, որի կատարումները ստիպում են անգամ ժամանակին կանգ առնել, ով համաշխարհային դաշնամուրային արվեստի անգերազանցելի գագաթներից է»։
Սամվել Դանիելյան
Լուսանկարներում՝ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնից
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: