«Ի պաշտպանություն Երեւանի Աղի լճի» ստեղծված նախաձեռնող խումբընոր նամակ է պատրաստել՝ ուղղված Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Այս մասին Aravot.am-ին փոխանցեց նախաձեռնության անդամ Ալլա Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ նամակում առաջարկներ են ներկայացրել քաղաքապետարանին, նաև ակնկալում են պաշտոնական գրավոր հավաստիացում, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնված բարեկարգման և շինարարական աշխատանքների արդյունքում չի ոչնչացվելու լճի բնական միջավայրը։
«Քաղաքապետարանից մեզ բանավոր են հավաստիացրել, որ եղեգներին չեն դիպչելու, բայց մենք ուզում ենք գրավոր հավաստիացում ստանալ: Իրենց նախագծով լճի տարածքում պետք է ավազ լինի, սակայն մենք առաջարկում ենք ավազը փոխարինել մանր գլաքարերով՝ գալկայով, որպեսզի եւ՛ տարածքը չկեղտոտվի, եւ՛ լճի բաղադրությունը չփոխվի: Մենք դեմ չենք տարածքի բարեկարգմանը, եթե մեր հիմնական պահանջները բավարարվեն, ինչպես արդեն նշեցի, առաջինը՝ գրավոր պատասխանեն, որ եղեգներին եւ չռիկի հատվածին ձեռք չեն տալու, եւ ավազը փոխարինելու են գլաքարերով»,- ասաց Ալլա Սարգսյանը:
Նշենք, որ բնապահպան-ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը երեկ ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր. «Շատ լավ լուր Աղի Լճի մասին։
Այստեղ էին Երևանի շինբարեկարգման պետը, Էրեբունու թաղապետը, բազմաթիվ այլ պաշտոնյաներ և տենդեր շահած շինարարը՝
— Նախագծում արվելու է փոփոխություն և Աղի լճի էկոհամակարգը չի խախտվելու։
— Լճի ներսում որևէ աշխատանք չի արվելու։
— Լճի կողքի եղեգները չեն քանդվելու և մնալու են այնպես, ինչպես կան։
— Լճի հարակից պատերը մնալու են այնպես ինչպես կան։
— Մյուս բոլոր բարեկարգումներին մարդիկ կողմ են և ի սկզբանե էլ կողմ էին»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան էջից
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: