Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց, որի ընթացքում որոշվելու են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առաջնահերթությունները։ Սեպտեմբերի 23-ին հայ-ռուսական հարաբերությունների թեմայով համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։
Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։
Կորտունովը պարզաբանել է, որ այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ, իսկ դա ենթադրում է, որ հարաբերությունները պետք է դառնան ավելի գործնական։
Փորձագետի գնահատմամբ՝ սա պարտադիր չէ, որ նշանակի Հայաստանին ոչ բարեկամական երկրների ցանկում ընդգրկելը, սակայն նման հարաբերությունները ենթադրելու են օգուտների և հնարավորությունների բավականին կշռադատված համադրում։ «Օրինակ՝ Ռուսաստանը կարող է փորձել ավելի խիստ պահանջներ սահմանել հայկական արտահանման որոշակի կատեգորիաների նկատմամբ»,- հավելել է քաղաքագետը։
Նրա կարծիքով՝ շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք ազդեցիկ շահառու խմբերը կկարողանան լոբբինգ անել համագործակցության որոշակի ձևաչափերը։ Անդրեյ Կորտունովը ենթադրել է, որ «Գազպրոմ»-ի և «Ռոսատոմ»-ի նման խաղացողները կարևոր դեր են խաղալու երկու երկրների հարաբերություններում։
«Շատ բան կախված կլինի նաև նրանից, թե արդյոք «Ռուսական երկաթուղիներ»-ը կկարողանա պահպանել իր ներկայությունը։ Այսինքն՝ մի շարք «ծանրքաշայիններից» կարող են ազդել երկու երկրների տնտեսական հարաբերությունների վրա։ Բացի այդ, շատ բան կախված է նրանից, թե արդյոք Ռուսաստանն ու Հայաստանը կկարողանան փոխգործակցել որոշակի բազմակողմ կառույցների, օրինակ՝ ՇՀԿ-ի կամ, ասենք, տարածաշրջանային հնարավոր բազմակողմ միավորումների շրջանակում»,- եզրափակել է ռուս փորձագետը։