«Թուրքը «վերադարձ» ասելով հասկանում է տեղացուն դուրս մղել ու նրա տեղը ապրել. «վերադարձի» այս խոսույթը հերթական ցեղասպանական դրվագի նախապատրաստական մոդելն է»

«Առավոտի» զրուցակիցն է Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։

-Տիկին Ավագյան, Արցախում հայերի տները ապօրինաբար հատկացվում են ադրբեջանցիներին։ Այսինքն՝ մարդկանց սեփականության իրավունքը կոպտորեն խախտում են։ Ինչպե՞ս պետք է լուծվի այս հարցը, պետք է նախ փոխհատուցման հարցը բարձրացնե՞լ, թե՞ վերադարձի։ Ի՞նչ է հնարավոր անել այս պայմաններում։

-Հայաստանը՝ որպես պետություն, գոնե այսօր պարտավոր է տեր կանգնել իր՝ «Ալմա-Աթայի հռչակագրով սահմանված» տարածքներում հայտնված Արցախի հայերի իրավունքներին, պաշտպանել դրանք։ Ես անգամ կասկած չունեմ, որ հայության պետությունը պարտավոր է հայտարարել, որ ինքը պատրաստ է սատար կանգնելու աշխարհի ցանկացած հայի իրավունքների պաշտպանությանը։ Բայց ինձ մոտ ցավոտ հաստատված պատկերացում կա մեր իշխանական աթոռների մասին, դրանք շատ հակահայ ու վարակիչ ազդեցություն են ունեցել եւ ունեն այսօր էլ իշխանավորների վրա։ Եթե ընդունենք, որ այսօր իշխանական աթոռներ զբաղեցնողներն անհանգիստ են «կազուս բելլի»-ով այնքան, որ կասկածի տակ է դրվում ՀՀ քաղաքացու ֆիզիկական գոյության իրավունքը, ապա նախորդ տասնամյակների ընթացքում էլ հայ մարդու շահերը արհամարհված էին իշխանավորների կողմից։ Արդյունքում՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի վերահսկողության տակ կամայականորեն հայտնված հայկական տարածքներից 1988-1992 թթ. փախստական դարձած ավելի քան 820 հազար հայերի շահերը կամ բացարձակ մսխեցին, կամ էլ արհամարհեցին։ Մինչ օրս Հայաստանում ծվարած այդ մարդկանց որոշակի թիվ ապահովված չէ բնակարանով, թողնված է բախտի քմահաճույքին, իսկ բախտը Հայաստանի սահմաններից ներս հայ մարդու հանդեպ գայլային է, քանի որ մանր ու խոշոր կեղեքիչները խեղդել են Հայաստանի՝ որպես պետության, կայացման ընթացքը։

Նրանք, ովքեր 1988-1992 թվականներին իսկույն բռնեցին օտարության ճանապարհը, թեեւ Հայրենիքից հեռու են, եւ ուծացման վտանգը մեծ է, բայց այսօր նրանց կեցությունը ապահովված է։ Իսկ հարեւան ռասիստական պետության կողմից չկա որեւէ փոխհատուցում այդ թվերին հայությունից զավթած ունեցվածքի, նրանց նյութական ու ոչ նյութական սեփականության դիմաց, ոչ էլ նրանց դեմ կիրառված ցեղասպանության համար։ Տարօրինակ է, չէ՞, որ 1988 թվականի երկրաշարժից հետո «ադրբեջանական» հատվածը իսկույն փոխհատուցում ստացել է Հայկական ԽՍՀ-ից։ Ո՞ւմ նախաձեռնությունն էր… Հայաստանյան իշխանավորները, ինչո՞ւ չէ՝ նաեւ միջազգային կառույցների գրպաններում չաղ ու բախտավոր նստած հայաստանյան կառույցները, չտարան միջազգային դատական ընթացք, մսխեցին բոլոր հնարավոր ժամկետները, ու 820 հազար հայերի շահերի պաշտպանությունը դարձավ անհնար։ Անգամ նրանց վերադարձի իրավունքի հարցն են մեր ապիկար իշխանավորները շահարկել։

Ես խիստ անհանգիստ եմ, որ նույն ճակատագրին կարժանացնեն նաեւ Արցախի հայությանը։ Փոխհատուցման ու վերադարձի հարցերը՝ երկու հարցերն էլ արցախցիների համար պետք է փորձել կյանքի կոչել զուգահեռաբար։ Դրանք եւ փոխկապակցված են, փոխլրացնում են, նաեւ իրարից անկախ կենսական հարցեր են։

Արցախից տարածքով մեծ ու ավելի շատ բնակչությամբ Գարդման-Ուտիքի հայությունը, հայտնվելով Հայաստանում, միամիտ վստահեց Հայաստանի իշխանավորներին ու դրանց սատելիտներին, չունեցավ սեփական համակարգված նախաձեռնությունը։ Ի՞նչ եք կարծում, նման միտք դուք կլսե՞ք որեւէ հրեական հարցում։ Հրեաները կարողացան իրենց ցանկացած հարց՝ ազգային, համայնքային, թե անհատական, դարձնել պետական ուշադրության առարկա, ընդգրկել պետական հովանու տակ եւ ինստիտուցիոնալացնել։ Իսկ մե՞նք, ո՞ւր ենք մենք, ինչո՞ւ է «պետական» ինստիտուտը այսքան հեռու հայության բոլոր հոգսերից։

Այս իրավիճակում հրաշքը տեսնում եմ այն խումբ հայության մեջ, որոնք կկարողանան համակարգել ու Հայաստան պետության կողմից միջազգային դատական համակարգում թրքահաճ հետընթացին անմիջապես պատասխանեն արցախահայության կոլեկտիվ դատական հայցով։ Ու դրան պետք է արդեն պատրաստ լինել։ Արցախցու վերադարձի իրավունքը անշեղ է, որի իրականացման համար էլ այսօր պետք է պատրաստվել։ Այս իրավունքի սպառնալիքն է, որ ստիպում է թուրքին ավերել ու ջնջել հայկական հետքը հայությունից խլված կենսատարածքներում, շարունակական դարձնելով հայության սպանդը։ Ջնջելով ու հարմարեցնելով իրեն՝ քոչվորը հիմա հաստատվում է Արցախում։

Կրկին մի ցավոտ դիտարկում։ Հաճախ եմ լսում, թե «կովկասի թուրքի վերադարձը» ներկա Հայաստանի տարածք արցախահայության վերադարձի հետ կապել չի կարելի։ Իհարկե, չի կարելի։ Սակայն, այդ ասողները տհասորեն ենթադրում են, որ այդ «վերադարձը» կարելի է զուգահեռ կապել Ադրբեջանական ԽՍՀ-ից ավելի քան 820 հազար հայ փախստականների վերադարձի հետ, հայության մի հատված, որը տեսավ Սումգայիթ, Նախիջեւան, Գարդմանք, Կիրովաբադ, Բաքու, «Կոլցո», Շահումյան՝ ու սա ցեղասպանության դրվագների շարք է։ Ու չեն խոսում այն մասին, որ Հայկական ԽՍՀ-ից «ադրբեջանցիները» հեռացան հանգիստ ու խաղաղ, անգամ փոխհատուցում ստացած, քանի որ Մոսկվան 1989 թվականին որոշել էր Հայկական ԽՍՀ-ից՝ էթնիկ փոխանակման համար, տանել նրանց դեպի Բաքու, Գանձակ, Գարդմանք, Շահումյան, Գետաշեն, դեպի հայությունից խլված տներ։ Այսինքն, այդ հեռացումը չի կարող համարժեք լինել հայ փախստականի փախեփախին։

Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների փախուստը Սումգայիթից, Կիրովաբադից, Գարդմանքից, Բաքվից, Գետաշենից, Շահումյանից միայն կարելի է համեմատել Կիլիկիայից, Մուշից, Վանից, Խարբերդից, ողջ Արեւմտյան Հայաստանից 1915-1923 թվականների փախեփախի հետ։ Ու աններելի հանցանք է հայության ու մարդկության հանդեպ, երբ տհաս հայկական գլուխները փորձում են հայության այդ հատվածի ճակատագիրը նմանեցնել Հայկական ԽՍՀ-ից հեռացած «ադրբեջանցիների», կամ երբեմնի 7 շրջաններից ու ԼՂԻՄ-ից փախած կոմբատանտների հետ։ Ու սրանք չեն խոսում, որ Արցախյան պատերազմը ցեղասպանությունը կասեցնելու հետեւանք էր։ Ու քանի դեռ չի խոսվել այս մասին, մեր տարածաշրջանում խաղաղություն չի լինելու։

Այո, Բաքվից, Գանձակից, Նախիջեւանից, Գետաշենից, Շահումյանից, Գարդմանքից փախած հայությունն ունի վերադարձի իրավունք, եւ այդ հայերից ոչ մեկն իր իրավունքից մինչ օրս չի հրաժարվել։ Բայց մեր հայրենիքում տեղավորված է ցեղասպան պետական ռեժիմ, հայասպան ռեժիմ, ու դա է, որ արգելափակում է հայության վերադարձը իր կենսատարածք։ Չմոռանանք երբեք, որ թրքությունը մարդկության համար ինվազիվ երեւույթ է, քաղցկեղային   տառապանք։

Հիշենք, որ այսօր էլ նույն ռասիստական ու ցեղասպան Բաքուն աշխարհին մատուցում է իր հանրության «վերադարձի իրավունքը»։ Ընդ որում, սա կրկնում եմ թրքահաճների ու կարճամիտների համար՝ թուրքը «վերադարձ» ասելով հասկանում է տեղացուն դուրս մղել ու նրա տեղը ապրել։ «Վերադարձի» այս խոսույթը հերթական ցեղասպանական դրվագի նախապատրաստական մոդել է։ Կովկասի թուրքը կրկին վստահ է, որ «իր վերադարձը» բացարձակ անվտանգ է իր համար, ինչպես որ 2020-2023 թթ.-ին էր, ու դրա երաշխիք է թե Բաքվի առաջնորդի լայնամասշտաբ ու հետեւողական քարոզն ու հայատյացության ներարկումը, թե Հայաստանի անատամ, «հարճի» պահվածքը։ Թուրքի պահվածքը անփոփոխ է վերջին հազար տարիների ընթացքում, իսկ հայությա՞նը։

Բաքուն գիտի, որ իր «վերադարձի իրավունքը» իրողություն կդարձնի կրկին ցեղասպանական ագրեսիայով, եւ շարունակական է պահում հոգեբանական ճնշումը։ Վիճակագրական զննումը ցույց է տալիս, որ Բաքվի «արեւմտյան Ադրբեջան վերադարձի» մասին քարոզչությունը 2025 թվականի օգոստոսից շուրջ երեք անգամ ավելի ակտիվացել է, երբ հայկական պետական համակարգը մնացել է նույն տեղում՝ զերծ հայապահպանության մղումից։ Բաքուն ամեն օր է նախաձեռնում ու պատրաստվում ագրեսիայի Հայաստանի, հայության դեմ, դա անում է ցուցադրական, սպառնալով ու արդարացնելով սպառնալիքը։ Նման քարոզ տանում էին նաեւ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, ու չկար Հայաստանի կողմից որեւէ հակադարձում, քանի որ հակահայ իշխանական համակարգը թե Երեւանում, թե Ստեփանակերտում վաղուց էին իրենց մտքում հանձնել Շուշին։

Հիմա կրկին հիշեցնեմ Սեւ լճի մասին, որը, թվում է, թե կապ չունի մեր խոսակցության թեմայի հետ, բայց կապը խորքային է։ Սեւ լիճը կենսաբազմազանության պահպանման նպատակով ստացել է բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ, արգելավայր է եւ գտնվում է Սյունիքի մարզի Մեծ Իշխանասար լեռնագագաթի արեւելյան լանջին, իսկ 2021 թվականի սկզբներից գտնվում է օկուպանտ թուրքի վերահսկողության ներքո։ 2026 թվականի հոկտեմբերին Երեւանում սպասվում է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանը (COP 17)։ Տպավորություն կա, որ Հայաստանյան իշխանավորները՝ բոլոր մակարդակներում, «մոռացել են» Սեւ լճի օկուպացիայի փաստը։ Ու հենց նման վարքով էլ խրախուսում են Բաքվին էլ ավելի «վստահ տանելու վերադարձի» իր քարոզը, քանի որ չկա համարժեք հակադարձում։ Հիշենք, որ Երեւանի թեթեւ ձեռքով Բաքվում կայացած COP 29-ը ծառայեց Բաքվի հայակերի պլանների ամրապնդմանը։ Մտավախություն ունեմ, որ հիմա էլ Երեւանում կայանալիք COP 17-ը կծառայեցվի կրկին Բաքվի պլանների ամրապնդմանը՝ մի կողմից էլ ավելի ամուր հաստատվելու Սյունիքում, նաեւ «վերադարձի» ախորժակը գրգռելու առումով, չէ՞ որ Հայաստանի իշխանությունը անգամ Ալմա-Աթայի հռչակագիրն է փեշքեշ արել Բաքվի հայակեր առաջնորդին։

Հայության վերադարձը իր կենսատարածք՝ սա ուղղակի կենսական պահանջ է, քանի որ դա հայության գոյության պայմանն է։ Մեր կենսատարածքի կրճատումը կասկածի տակ է դնում մեր գոյությունը, մեր ինքնության հիմքերը՝ լեզուն, բարբառը, մշակույթը, կրոնը։ Հայության վերադարձը չի կարող լինել բացարձակ իրավական, տկլոր իրավունքը մեզ չի օգնի։ Իրավունքը մեզ համար ուղղորդող արահետ է, որը պետք է լավ պաշտպանված անցնել, քանի որ մեզանից խլված կենսատարածքի վրա տեղավորել ու աճեցնում են պոտենցիալ մարդասպանների, հայասպանների։ Վերադարձը՝ պարզապես անհնար է, ինչպես ՄԱԿ-ի գրասենյակում ինձ հավաստիացրին՝ ՄԱԿ-ը չունի համարժեք մեխանիզմներ վերադարձի համար, մշակված չեն։ Այսինքն, մեր վերադարձի մեխանիզմները պետք է մշակենք մենք, երբ մեր կենսատարածքի վրա ցեղասպանն է նստած։

-Այս աշխատանքի փոխարեն ՀՀ իշխանությունները հակառակն են անում, օրինակ, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե արցախցիները պետք է բնակարան ձեռք բերեն ու ապրեն Հայաստանում՝ զուգահեռ նրանց ստիպելով ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել, թեպետ արցախցիները պնդում են, որ միշտ էլ ՀՀ քաղաքացի են եղել։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

-Հայաստանի իշխանություններն արցախցիներից էլ լավ են տեղյակ, որ համաձայն ՀՀ Սահմանադրության՝ արցախցիները ՀՀ քաղաքացի են։ Ընդ որում, այդ Սահմանադրությամբ է ՀՀ-ն ստացել միջազգային ճանաչում որպես պետություն։ Ու սա էլ Բաքվի առաջնորդին խիստ անհանգստացնող հանգամանք է, այլապես ինչու է Նախիջեւանը յուրացնում հենց իրավական դաշտում։ Իսկ երբ իշխանավորները բնակարանը կապում են ինչ-ինչ քաղաքական հարցերի հետ, դա արդեն շանտաժ է ու անբարո քայլ։ Հայության պետությունը հայ մարդուն պետք է ապահովի կեցության մարդկային պայմաններով, ստեղծի հայանպաստ մթնոլորտ, որ կարողանանք դիմակայել թշնամական, ցեղասպան շրջապատին ու ապահովել մեզ անհրաժեշտ կենսատարածքով։ Իսկ այսօր հայության պետությունը շեղվել է Սահմանադրությունը իրողություն դարձնելու իր պարտավորությունից, դրանով էլ վտանգելով հենց պետության ու հայության գոյությունը կենսատարածքի այս բեկորի վրա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment