Իսկ ինչի՞ համար է պետք կրթվել

Եթե խնդիրը բավարար կալորիաներ ստանալն է, ապա կարելի է եւ չկրթվել

Ինչո՞ւ է այսօրվա Հայաստանում կրթության վիճակը վատ: Իշխանական քարոզչությունը խոսում է «նախկինների», ուսուցիչների, մտավորականների մեղքի մասին: Մասամբ ճիշտ է: Ասվում է, թե «նախկինների վախտ» կրթությունը ճանապարհ չէր բացում բարգավաճման, կարիերայի, բարձր հասարակական դիրքի համար: Եթե ընդունենք, որ կրթության նպատակը հենց դա՛ է, ապա այդ պնդումը ճիշտ է: Իսկ «ներկաների» ժամանակ այդպես չէ՞:

Եթե այսօր լսենք միլիոնավոր աշխատավարձեր ու պարգեւավճարներ ստացող ՔՊ-ական պատգամավորներին, պաշտոնյաներին, ապա դժվար կլինի պնդել, որ նրանց հաջողությունների գրավականը լավ կրթությունն է: Անգամ նրանք, ովքեր անցել են ինչ-որ արեւմտյան սեմինարներ կամ կուրսեր, այդ միջոցառումները, ինչպես երեւում է, առանձնապես չեն զարգացրել «ներկաների» մտավոր ունակությունները՝ լավագույն դեպքում՝ գուցե «բառապաշարային» մակարդակով: Հիմքում նույն նիկոլական քառակուսի կլիշեներն են՝ մտածելու ունակության իսպառ բացակայության պայմաններում: Դրանք հիմնականում ուղեկցվում են «շեֆից» փոխառած խուլիգանական արտահայտություններով, կամ, սեմինարներ անցնելու դեպքում, համեմվում են դատարկ եւ հայաստանյան ներկայիս իրավիճակին խիստ հակասող «թռչնային լեզվով»: Օրինակ, in accordance with our shared European values: Դժվար թե այդ երեսպաշտ բանաձեւերն անգիր անելը վկայի կրթական բարձր մակարդակի մասին:

Կրթությունը՝ այդ բառի խորքային իմաստով, ինչպես չէր նպաստում կյանքում անձնական ձեռքբերումներին (այդ բառի կենցաղային իմաստով), այնպես էլ չի նպաստում: Եվ գլամուրային, բարձրաշխարհիկ միջոցառումները, որոնք իբր կոչված էին նպաստել կրթության հեղինակությանը, ոչինչ չեն փոխել: Եթե չասենք, որ որոշ մարդկանց վանում են «կրթվել» բառից:

Բայց խնդիրը, բնականաբար, ավելի խորն է: Եվ բանալին, իմ կարծիքով, նրանում է, թե ինչ ենք մենք հասկանում «հաջողություններ», «ձեռքբերումներ» բառերի տակ, եւ ինչին պետք է նպաստի կրթությունը: Ի վերջո, ի՞նչ է նշանակում «կրթված մարդ»:

Կրթությունն, իմ կարծիքով, նաեւ բարոյական կատեգորիա է: Եթե մարդն ասում է, որ մեր հայրենակիցները պետք է խոշտանգվեն ու փտեն Բաքվի բանտում, կամ՝ որ Քոչարյանին պետք չէ դատել, այլ պետք է միանգամից գնդակահարել եւ, շրջանցելով բոլոր օրինական մեխանիզմները, թալանածը բաժանել ժողովրդին, ապա, անկախ նրանից՝ ասողը միլիոնատեր է, թե բոմժ, ակադեմիկոս է, թե սեւագործ բանվոր, թութակի պես կրկնում է core European values, թե չի կրկնում, ՆԱ ԿՐԹՎԱԾ ՄԱՐԴ ՉԻ: Այդպիսի դիրքորոշում ունենալու համար պետք չի ոչ մի գիրք կարդալ, կարելի է մի համացանցում մի երկու ատելության խոսք տեսնել, եւ նման մարդու համոզմունքներն արդեն իսկ ձեւավորված կլինեն:

Բայց այստեղ ավելի կարեւոր հարց կա՝ ինչու է իրավիճակը վերջին տարիներին է՛լ ավելի վատացել, եւ ինչու այս իշխանությունների օրոք որեւէ շանս չկա այս փոսից դուրս գալու: Իմ խորին համոզմամբ՝ խնդիրն այն է, որ հնարավոր չէ պաշտոնապես քարոզել մարդատյաց գաղափարներ, եւ հորդորել մարդկանց, որ կրթվեն: Այն թեզը, որ կյանքի նպատակը լավ սնվելն է, եւ հանուն այդ կալորիաների մարդիկ պետք է գիտելիքներ ձեռք բերեն, խորքային իմաստով բավարար մոտիվացիա չի ստեղծում:

…«Նախկինների» եւ «ներկաների» մասին: Ո՞րն է ավելի վատ՝ քարոզել ազգային, հոգեւոր, պետական արժեքներ եւ ապրել այդ արժեքներին հակառա՞կ (ինչպես անում էին «նախկիններից» շատերը), թե՞ ցինիկաբար հայհոյել, ուրանալ, պղծել այդ արժեքները եւ ապրել՝ բացահայտորեն տրորելով ու ծաղրելով դրանք, ինչպես անում են «ներկաները»: Այդ հարցի պատասխանը թողնում եմ ընթերցողներին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment