Խանդանյան․ ՀՀ և Ռուսաստանի հարաբերությունները վերափոխման կարիք ունեն (PAN.am)

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վերափոխման անհրաժեշտություն է առաջացել՝ պայմանավորված տարածաշրջանում ձևավորված նոր իրողություններով, հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն «ԱՊՐԻ Ֆորում 2026»-ի շրջանակում:

Նա այդպես է պատասխանել Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների «կառուցողական վերափոխման» համար անհրաժեշտ կոնկրետ քայլերի վերաբերյալ հարցին, հայտնում է Sputnik Արմենիան:

«Իսկապես, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները տրանսֆորմացիայի կարիք ունեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս հարաբերությունները իներցիայի բերումով և հանգամանքների բերումով հիմնականում կառուցվել են գլխավորապես անվտանգային համագործակցության շուրջ և այն տրամաբանությամբ, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է։ Բայց տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք ապացուցել են, որ Ռուսաստանը չէ և չի կարող լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը, և նաև հակամարտությունն է ավարտվել մեր տարածաշրջանում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն, որտեղ Ռուսաստանն ուներ որոշակի դերակատարում, և այս հանգամանքները պետք է հաշվի առնել և մեր հարաբերությունների բնույթը համապատասխանեցնել նոր իրականությանը»,– ասել է Խանդանյանը։

Իշխող ուժը ներկայացնող պատգամավորն ընդգծել է, որ հարաբերությունների վերափոխումը Ռուսաստանի հետ կապերի դադարեցում չի ենթադրում։

«Ընդհակառակը, ես կարծում եմ, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները զարգացման մեծ պոտենցիալ ունեն, բայց այն պայմաններում, երբ Ռուսաստանը կհարգի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան որոշումները և կզարգացնի մեզ հետ հարաբերություններն այդ ծիրի մեջ»,– նշել է պատգամավորը։

Խանդանյանը հայտնել է, որ Հայաստանը պատրաստվում է Ռուսաստանի հետ շարունակել առկա խնդիրների, այդ թվում՝ տնտեսական հարցերի քննարկումը՝ նպատակ ունենալով դրանց լուծումները գտնել բանակցությունների ճանապարհով և հանգիստ մթնոլորտում։

Նա նաև առանձնացրել է Հայաստանի ապաշրջափակման և տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման խնդիրները՝ դրանք բնորոշելով որպես Հայաստանի ռազմավարական առաջնահերթություններ։

«Այս տեսանկյունից մենք երկաթուղիների հարցում պետք է ունենանք լուծումներ, որովհետև Հայաստանը մի կողմից TRIPP ծրագիրն իրականացնելով՝ մեծ հնարավորություն է բացում մեր իսկ ապաշրջափակման համար, բայց, մյուս կողմից, եթե TRIPP ծրագիրը մնա միակ գործող ծրագիրը, մեր ենթակառուցվածքների ապաշրջափակման տեսանկյունից, ապա մենք խնդիր կունենանք։ Ուստի Հայաստանի երկաթուղիները պետք է համապատասխանեցվեն մեզ արտաքին աշխարհին կապելու համար»,– ասել է Խանդանյանը։

Նրա փոխանցմամբ՝ խնդրի շուրջ քննարկումն արդեն տեղափոխվել է հրապարակային դաշտ, իսկ հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի հետ այն կարգավորել «բարեկամաբար, հանգիստ մթնոլորտում»։ Խանդանյանը նաև նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների օրակարգը բավական լայն է, և հայկական կողմը պատրաստվում է շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազայի կարիք չունի, ապա Ռուսաստանը պատրաստ է վաղն իսկ այն դուրս բերել։ Փաշինյանը հայտարարել է, որ Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի վերաբերյալ քննարկում չի եղել։ Նա նշել է, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ տարածքում կենսական անհրաժեշտություն չէ:

Leave a comment