«Համակարգային խնդիր է այն, որ ստորաբաժանումների միջև, ինչպես նաև զորամասին աջակցող, վերահսկող մարմինների միջև կա որոշակի անվստահություն։ Ես իմ փորձից կարող եմ ասել՝ համագործակցության ժամանակ զինվորական ոստիկանությունը և ԱԱԾ աշխատակիցներն ինձ համար համագործակցության մարդիկ են եղել, որոնց միջոցով կկարողանամ խնդիրներիս լուծում ստանալ»,-«Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի» նախաձեռնությամբ անցկացված ՀՀ Զինված ուժերում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց պահեստազորի գնդապետ Գրիգորի Սահակյանը։
Ըստ նրա՝ հիմնական խնդիրները բխում են նրանից, որ լուրջ կադրային սով ունենք․ «Դասակ, մարտկոց, վաշտ օղակները՝ կրտեր հրամանատարական կազմը թերի է։ Մյուս խնդիրն այն է, որ իրենց պարտականությունները դնում են այլ պաշտոնատար անձանց վրա՝ օրինակ` սերժանտական կազմի վրա։ Նաև խնդիր է առկա կադրերի՝ ոչ կոմպետենտ լինելը տարբեր հարցերում՝ ոչ միայն մասնագիտական, այլև դաստիարակչական։ Խնդիր է նաև կարևորագույն կանոնադրային դրույթների չիմացությունը։ Երկար ժամանակ է ինձ պետք եղել, որ փողոցը զորամասից, զորանոցից հանեմ։ Զորանոցներում, երբեմն զորամասերում փողոցը չենք կարողանում դուրս հանել, ինչը վտանգավոր ազդեցություն է ունենում մեր զորքերում կանոնադրական ճիշտ համակարգի պահպանման վրա։ Հայտնի փողոցային բարքերն են այնտեղ ղեկավարում, որոշ հրամանատարներ թույլ լինելով արդեն իսկ իրենք քողարկում են այդ վիճակը»։
Խոսելով իր փորձից՝ նա նաև նշեց․ «Անհատական զրույցներ անցկացնելով զինծառայողների՝ նորակոչիկների հետ, բացահայտել եմ մի վատ երևույթ։ Հայրերի զգալի մասը չեն գտնվում հանրապետությունում և իրենց տանը, այլ աշխատանքի մեջ՝ այլ երկրում։ Ուստի տանը երեխան դաստիարակություն է ստանում կնոջ՝ մոր կողմից։ Նախադպրոցական տարիքում դաստիարակչական կազմը հիմնականում կանայք են, դպրոցներում տղամարդիկ ուսուցիչների շրջանում 10 տոկոս են կազմում։ Այսինքն՝ մինչև 18 տարեկան զորակոչիկն առնչություն է ունենում կին ղեկավարի կամ դաստիարակողի հետ։ Արդեն գալիս է զորամաս և այնտեղ արդեն շփումն անմիջապես տղամարդու հետ է լինում, դրա համար մոտեցումները մի քիչ խորթ են լինում։ Մինչև հասկանում է, որ մինչև այդ ասելու ձևն այլ էլ, հիմա՝ այլ, ժամանակ է պետք։ Մեզ՝ զինվորականներիս համար կարևոր է, որ զինվորագրվելիք զինծառայողին ստանանք՝ որպես կայուն ուսում ստացած քաղաքացի»։
Քննարկումն առողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: