Իրանական ավիացիան կաթվածահար անելուն ուղղված ԱՄՆ-ի խստացող պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում չորեքշաբթի՝ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը խոստացել է «փակել» Թեհրանի ավիափոխադրողներին և պատժել նրանց հետ բիզնես վարող ցանկացած կողմի, գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով AFP-ին։
Խափանումների վերաբերյալ առաջին հաղորդագրություններում իրանական լրատվամիջոցները երեքշաբթի ուշ երեկոյան հայտնել են, որ հաջորդ օրը չեղարկվելու են դեպի Իրաքի և Օմանի մայրաքաղաքներ չվերթները, սակայն մյուս ուղղությունները չեն տուժի։
Երկուշաբթի ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի կողմից հայտարարված նոր միջոցառումները հաջորդում են ավիացիոն ոլորտի նկատմամբ նախկինում սահմանված պատժամիջոցներին, ինչպես նաև նրա՝ «տնտեսական D-օրվա» մասին սպառնալիքին, որի նպատակն է Իրանին հարկադրել՝ այն բանից հետո, երբ Մերձավոր Արևելքում պատերազմը ռազմական ճանապարհով ավարտելու ջանքերը փակուղի են մտել։ Դեռևս պարզ չէ, թե ինչպիսին կլինի դրանց ամբողջական ազդեցությունը, քանի որ իրանական ավիացիոն ոլորտն արդեն տարիներ շարունակ ենթարկվում է տարբեր պատժամիջոցների։
Tasnim գործակալությունը, վկայակոչելով քաղաքացիական ավիացիայի ոլորտի ներկայացուցչին, հայտնել է, որ չորեքշաբթի օրվանից «Բաղդադի և Մասկատի օդանավակայաններն այլևս չեն ընդունի իրանական չվերթներ»։
«Մյուս միջազգային չվերթները, այդ թվում՝ դեպի Ստամբուլ, կիրականացվեն նախատեսված ժամանակացույցով և սովորական ռեժիմով, այս պահին այդ չվերթների հետ կապված որևէ խնդիր չկա»,- հաղորդել է Tasnim-ը։
Լրատվականի տեղեկություններով՝ Իրանի ավիացիոն իշխանությունները բանակցություններ են վարում Բաղդադի չվերթները Նաջաֆ վերաուղղորդելու շուրջ։ Նաջաֆը իրանցի ուխտավորների համար կարևոր ուղղություն է։
Նույն օրն ավելի վաղ ազգային փոխադրող Iran Air-ը հայտնել էր, որ «Թուրքիայի, Ադրբեջանի կամ Իրաքի քաղաքացիական ավիացիայի իշխանություններից որևէ ծանուցում կամ պաշտոնական հրահանգ չի ստացել»։ Սակայն երկուշաբթի Վրաստանն արգելել է իրանական ավիափոխադրողների մուտքը, մինչդեռ իրանական մասնավոր «Մահան» ավիաընկերությունը հայտնել է, որ իր կառավարության պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թուրքիա։
Իրաքի կառավարությունը հրապարակայնորեն չի հայտարարել արգելք կիրառելու ծրագրերի մասին, սակայն մի քանի աղբյուրներ, այդ թվում՝ կառավարության բարձրաստիճան պաշտոնյան, AFP-ին հայտնել են, որ Բաղդադը կհետևի ԱՄՆ-ի սահմանած միջոցառումներին։
Իրաքն իրանական ավիաընկերությունների համար կարևոր ուղղություն է, որոնք հիմնականում ուխտավորների են տեղափոխում դեպի սրբավայրեր։
Երկու երկրների միջև չվերթների հնարավոր դադարեցումը մտահոգություն է առաջացրել իրաքցի որոշ տուրիստական գործակալների շրջանում։ Նաջաֆում, որտեղ գտնվում է շիա մահմեդականների ամենահարգված սրբավայրերից մեկը, տուրիստական գործակալ Հայդար Շամաան ասել է, որ «քաղաքի տուրիստական ընկերությունների մեծ մասը կախված է իրանական օդանավակայաններ չվերթների ամրագրումներից»։
Մի քանի տուրիստական գործակալություններ հայտնել են, որ անհանգստացած հաճախորդները զանգահարում են՝ նոր տեղեկություններ ստանալու համար, և իրենք քննարկում են ցամաքային երթուղիների անցնելու հնարավորությունը, թեև դա ուղևորների համար կնշանակի շատ ավելի երկար ճանապարհորդություն։
Երկուշաբթի ընդլայնված միջոցառումների մասին հայտարարելով՝ Բեսենթը հայտարարել էր, որ «իրանական բոլոր ավիաընկերությունները կփակվեն ամբողջ աշխարհում»։
«Եթե նրանք վայրէջք կատարեն, դուք չեք կարողանա նրանց վառելիք տրամադրել, չեք կարողանա վայրէջքի ծառայություններ մատուցել, չեք կարողանա նրանց տոմսեր վաճառել, հակառակ դեպքում դուրս կմնաք դոլարային համակարգից»,- հավելել էր նա։
Սահմանափակումներն ավելի են բարդացնում իրանցիների՝ արտերկիր մեկնելու կամ իրենց երկիր վերադառնալու հնարավորությունները։ Դրանք նաև դժգոհություն են առաջացրել Իրանի խոշոր առևտրային գործընկեր Չինաստանի մոտ, որը հայտարարել է, թե «դեմ է անօրինական միակողմանի պատժամիջոցներին, որոնք չունեն միջազգային իրավունքով ամրագրված հիմք կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվություն»։
Ի դեպ, Բաքուն ևս հայտարարել է իրանական ավիաընկերությունների չվերթները դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ դադարեցնելու մասին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի