Արցախում հայկական կրոնական ժառանգությունն աղվանական (ալբանական) ներկայացնելու քարոզչական կեղծ թեզերի տարածումից հետո Բաքուն անցել է Հայաստանի տարածքի հայկական կոթողներին։ Մասնավորապես, Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների ազգային ֆորումի նախաձեռնությամբ անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանում ալբանական (աղվանական) ժառանգությունը» խորագրով սեմինար, որին մասնակցել են քաղհասարակության ներկայացուցիչներ, պատմաբաններ, հնագետներ, ՀԿ-ների ղեկավարներ։
Ֆորումի ներկայացուցիչ Զաուր Իբրահիմլին նշել է, թե «սեմինարի նպատակն է ուշադրություն հրավիրել Արևմտյան Ադրբեջանում ալբանական քրիստոնեական ժառանգության վրա և այն ներկայացնել միջազգային հանրությանը»։
«Ցավոք, 1836 թվականին ցարական Ռուսաստանի կողմից Ալբանական (Աղվանական) առաքելական եկեղեցու վերացման և այն Հայ առաքելական եկեղեցու կառավարմանը հանձնելուց հետո սկսվեց այս ժառանգության յուրացման և կեղծման գործընթացը։ Տարիներ շարունակ մեր պատմական հողերում՝ Գյոյչեում, Զանգեզուրում, Դարալագյազում և այլ վայրերում գտնվող հարյուրավոր ալբանական հուշարձաններից, ինչպիսիք են Գըփչագվանգը, Գյուլվանգը, Գոշավանգը, արձանագրությունները ջնջվել են, դրանց ճարտարապետական տեսքը փոփոխվել է, իսկ միջազգային հանրությանը դրանք ներկայացվել են որպես հայկական ժառանգություն։ Քաղաքացիական հասարակության ինստիտուտները պետք է գիտական հիմքով ակտիվորեն միջազգային հանրությանը ներկայացնեն այս պատմական փաստերը»,- նշել է նա՝ օգտագործելով հայկական եկեղեցիների ու բնակավայրերի աղաղվաղված անվանումներ։
UNEC-ի բազմամշակութայնության հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատող Մյահյաբբաթ Փաշաևան էլ ներկայացրել է տեղեկություններ, իբր, ալբանական քրիստոնեական հուշարձանների վերաբերյալ և հայտարարել, որ դրանց ճարտարապետությունը տարբերվում է հայկական կրոնական կոթողների ճարտարապետությունից։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, որն ուղեկցել էր Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին Արցախի տարածքներ, հայկական Գանձասար ու Դադիվանք վանքերի անվանումները նախ նենգափոխել էր ու անվանել Գանջասար և Խուդավենք, նաև կեղծել պատմությունը՝ դրանք ներկայացնելով որպես «հնագույն աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասը»։
Բաքուն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեզը շարունակում է առաջ մղել, որով փաթեթավորում է իր անհիմն տարածքային պահանջները ՀՀ-ի նկատմամբ։ OC Media-ն ավելի վաղ հայտնել էր, որ իր ուսումնասիրած արտահոսած փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել և ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջազգային տարածումը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի