Վարդանյան․ Քոչարյանին կալանավորել են արտաքին օրակարգը սպասարկելու նպատակով

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը կապ չունի արդարադատության, իրավականության, օրենքների հետ, կապ ունի վրեժխնդրության հետ, հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Պատգամավորը նաև մանրամասնել է, թե ինչ նկատի ունեն՝ հայտարարելով, որ «այս կալանքը իրականանում է ոչ Հայաստանի ժողովրդի, ոչ դատական իշխանության պահանջով, այլ արտաքին օրակարգի սպասարկման համար», հայտնում է Panorama.am-ը:

«Անցած շաբաթ պարզ դարձավ, որ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Դադիվանքից, իր կարծիքով, ոչ հայկական ժառանգությունն ապօրինի տանելու համար։ Հարց ենք տալիս. ի՞նչ եք կարծում, եթե Ադրբեջանն այսպես հետևողականորեն, մանրախնդրորեն, ամեն ինչ անում է, որպեսզի ներկայացվի, որ Հայաստանն ագրեսոր է, իրականացրել է պատերազմական հանցագործություններ, այս կոնտեքստում, եթե պահանջում են Հայաստանից խաչքարը հետ վերադրաձնել, չե՞ն պահանջի, որ արցախյան հաղթանակ կերտած նախագահն ազատության մեջ չլինի»,-ասել է նա։

Վարդանյանը հավելել է, որ Արցախի նախագահներից երեքը Բաքվի բանտում են, մեկը՝ Երևանի բանտում։

Օգոստոսի 25-ին մի քանի տասնյակ հասցեներում իրականացված խուզարկություններից հետո ձերբակալվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեդրակ Քոչարյանն ու ևս 4 անձ։ Ավելի ուշ նրանք կալանավորվել են: Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Սեդրակ Քոչարյանին, իր հերթին, մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։

Leave a comment