Երևանի և Սոֆիայի օպերային թատրոնները կհամագործակցեն (PAN.am)

Սեպտեմբերի 22-ին Երևանի Ալշ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ու Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել։ Փաստաթուղթն ստորագրել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը և Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր տնօրեն Փլամեն Կարտալոֆը։

Ստորագրված փաստաթուղթը հիմք է ստեղծել մշակութային երկու հաստատությունների միջև երկարաժամկետ ու համակարգված գործակցությունը զարգացնելու համար։ Այն ներառում է մասնագիտական փորձի և տեղեկատվության փոխանակում, համատեղ նախաձեռնությունների կազմակերպում, մշակութային ծրագրերի իրականացում, ինչպես նաև երկու թատրոնների ստեղծագործական կապերի ընդլայնում։

Համաձայնագրի շրջանակում կողմերը նախատեսում են անցկացնել երկկողմ հանդիպումներ և մասնագիտական քննարկումներ, փոխադարձ աջակցություն ցուցաբերել իրենց նախաձեռնած մշակութային միջոցառումներին, ինչպես նաև ներկայացումներում ու այլ նախագծերում ներգրավել գործընկեր թատրոնի ներկայացուցիչներին։

Համագործակցության մասին փաստաթուղթը հնարավորություն է ստեղծել ավելի ակտիվ դարձնելու Երևանի և Սոֆիայի օպերային թատրոնների ստեղծագործական ու մասնագիտական կապերը՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի և Բուլղարիայի միջև մշակութային երկխոսության և միջազգային գործակցության հետագա զարգացմանը։

Համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա է եղել Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովը։

Leave a comment