Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին «Ուրվագծելով փոփոխության ճարտարապետությունը» խորագրով ԱՊՐԻ ֆորումի ժամանակ անդրադարձավ հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Իրանի ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ։
Ըստ դեսպանի՝ առկա ստատուս քվոն պետք է պահպանվի, որեւէ այլ աշխարհաքաղաքական փոփոխություններ տարածաշրջանում թույլատրելի չեն, սա Իրանի հստակ դիրքորոշումն է։
«Մենք հասկանում ենք աշխարհաքաղաքական իրավիճակը, որում հայտնվել էր Հայաստանը. որպես ծովի ելք չունեցող՝ Հայաստանը բազմաթիվ խոչընդոտների է հանդիպել։ Իրանի հիմնական ձգումը տարածաշրջանում ստատուս քվոն պահպանելն է։ Որեւէ վնաս չպետք է հասցվի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը ԹՐԻՓՓ ծրագրի իրականացման միջոցով։ Ադրբեջանը ղեկավարությունը դեռեւս խոսում էր Զանգեզուրի միջանցքի մասին, բացահայտ կերպով է խոսում դրա մասին։ Մենք էլ ենք բացահայտ ասում, որ որեւէ աշխարհաքաղաքական փոփոխություն, որեւէ վնաս, որեւէ կասկած ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության մասին հանդուրժելի չէ։ Սա առաջին կետն է։
Երկրորդը՝ ԱՄՆ ռազմական ներկայությունը մեր հարեւանությամբ թույլատրելի չէ Իրանի համար։ Բազմիցս ապացուցվել է նրանց դիրքորոշումը Իրանի նկատմամբ, վերջերս էլ լսեցինք Թրամփի ելույթը եւ գիտեք, թե ինչքան թշնամություն կա նրանց մոտ։ Այսինքն՝ ոչ մի վնաս Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, եւ ԱՄՆ ռազմական ներկայությունը մեր սահմաններին թույլատրելի չէ։ Եթե այս երկուսը բավարարվեն, մենք որեւէ պատճառ չունենք ընդդիմանալու այս ծրագրին, մենք դեմ չենք հայ ազգի բարեկեցությանը»,- ասաց դեսպանը։
Անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանը խոսում է Հայաստանի հարավն ադրբեջանցիներով բնակեցնելու մտադրության մասին, Իրանի դիրքորոշումը ո՞րն է, Խալիլ Շիրղոլամին ասաց. «Իրանի ռազմավարական տեսանկյունից տարածաշրջանում պետք է պահպանվի ստատուս քվոն, ոչ մի պատմական նկրտումներ, որեւէ հավակնություններ, որեւէ նման հռետորաբանություն հանդուրժելի չէ Իրանի համար։
Ադրբեջանական առաջնորդների հռետորաբանության մասին տեղյակ ենք, իրենք դիրքորոշման մասին տեղյակ ենք, բայց իրենք պետք է հասկանան իրողությունները։
Չեմ ուզում մտնել քննարկման մեջ, թե պատմական փաստերն ինչպիսին են։ Որոշակի ջանքեր են գործադրվում կեղծ պատմություն գրելու համար՝ կոնկրետ առաջնորդների հավակնություններից ու պատկերացումներից ելնելով։ Եթե մի քիչ բացեմ փաստերը, շատ փաստեր կան, թե ինչպիսին է եղել պատմությունը, ինչ է եղել ռուս-պարսկական պատերազմից հետո 19-րդ դարում, ինչ եղավ, երբ Իրանի մի մասը անջատվեց Պարսկաստանից, որովհետեւ Պարսկաստանը պարտվեց պատերազմում։ Առկա սահմանները եւ պետությունների տարածքային ամբողջականությունը պետք է հարգել, բոլորը պետք է բավարարված լինեն սահմանների կարգավիճակով եւ աշխարհաքաղաքական իրողություններով։ Սա տարածաշրջանի խաղաղության եւ զարգացման գրավականն է։ Եթե ինչ-որ մեկը դուրս գա այդ շրջանակից, դա լինելու է ապակառուցողական եւ քայքայիչ։ Եվ, ինչպես մենք արդեն ասել ենք Իրանի անունից, Իրանը դրան դիմակայելու է»։
Դեսպանը նաեւ ասաց, որ եթե Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Ադրբեջանի տարածքից սպառնալիք լինի Իրանի նկատմամբ, Իրանը համարժեք պատասխան կտա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: