«Եթե Ադրբեջանն այսքան հետևողականորեն ամեն ինչ անում է, որպեսզի ՀՀ-ն ներկայացվի որպես ագրեսոր, պատերազմական հանցագործություններ իրականացրած պետություն, եթե Հայաստանից պահանջում են, որ խաչքարը վերադարձնեն, չե՞ն պահանջում, որ Արցախի հաղթանակը կերտած նախագահը ազատության մեջ չգտնվի»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահի անազատության մեջ լինելուն։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքի անդամներին պատկանող ձեռնարկությունների աշխատանքի պարալիզացմանը՝ նրա պաշտպաններից Արամ Օրբելյանը վստահեցրեց, որ Քոչարյանը ձեռնարկատիրությամբ չի զբաղվել, չի զբաղվում:
Ըստ փաստաբանի՝ Քոչարյաններին պատկանող ձեռնարկությունների կապարակնքումը կապված է մեկ այլ քրեական գործի մի դրվագի՝ Սեդրակ Քոչարյանի մասնակցությամբ:
Օրբելյանը շեշտեց, որ Սեդրակը ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել վաղ տարիքից, բայց նա երբևէ չի ունեցել պետական լծակ, պետական պաշտոն։
«Կա առաջադրված մեղադրանք, որը վերաբերում է նրան, որ, ենթադրաբար, նախագահը վավերացրել է կառավարության որոշումներն այլ նպատակներով։ Բացի վավերացումից՝ որևէ այլ առնչություն չենք տեսնում։
Եվ կա մեկ այլ դրվագ՝ Սեդրակի մասնակցությամբ ձեռնարկատիրական գործունեության մասով։ Նրա ձեռնարկատիրական գործունեությունից ձևավորված ակտիվների քանակը չի առանձնանում մի քանի այլ հարյուր, եթե ոչ հազար, ձեռնարկատերերի հաշիվներից»։
Օրբելյանի խոսքով՝ Քոչարյանի դեմ սկսված իրավական գործընթացը հիմքեր չունի. «Կապարակնքումը Քոչարյանի քրեական գործի հետ չի կապվում, դա մեկ այլ գործի շրջանակում է՝ դրվագային առնչությամբ։ Երբ փորձում ենք հասկանալ այդ հարկային խախտումները, հիմքերը չկան»։
A press conference by Kristine Vardanyan and Sevak Khachatryan, members of the Armenia Alliance parliamentary faction, and lawyer Aram Orbelyan takes place at the office of Armenia’s second President Robert Kocharyan at Erebuni Plaza Business Center. Yerevan, Armenia
Քրիստինե Վարդանյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կապարակնքված ձեռնարկությունների աշխատակիցները կսպասեն, հիշեց Փաշինյանի մեկ այլ հայտարարություն, թե գերիները կսպասեն. «Դրանից քանի՞ տարի է անցել։ Սիրելի՛ քաղաքացիներ, դուք արդարադատության համար չէ, որ այս վնասները կրում եք, Ալիևի և Նիկոլ Փաշինյանի քմահաճույքների համար եք կրում։ Մի՛ մտածեք՝ ապօրինի բան կա։ Մի ասեք՝ լավ կլիներ՝ օրինական անեին, ամեն ինչ օրինական է արվել։ Պարզապես, եթե մի իշխանություն՝ սկսած Կաթողիկոսից մինչև բիզնեսի ղեկավար, ինքն է ուզում որոշել, դա չի կարող սահմանափակվել միայն եկեղեցով կամ մեծ բիզնեսներով։ Հասնելու են ձեր փոքր սննդի կետերին, ձեր փոքր վարսավիրանոցներին։ Եթե կուլակաթափություն է, կուլակաթափություն է»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանն էլ նկատեց, որ այն, որ անընդհատ Փաշինյանը հայտարարում է, որ մինչև կոշիկը վերցնելու են, խոսում է այս իշխանության թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական մտքի սանդղակի մասին. «Կոշիկի մակարդակից իրենց «պլանկան» երբեք բարձր չի եղել։ Այս 8 տարիները հենց այդ «պլանկայով» են երկիրը ղեկավարել՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին հարցերի շուրջ»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: