Ռուսաստանի Դաշնության Կրասնոգորսկի քաղաքային օկրուգում (Մոսկվայի մարզ) 17-ամյա մի պատանի, կատարելով հաղորդագրությունների հավելվածի միջոցով անհայտ անձանց տված «հանձնարարությունը», նախ հրկիզել է բենզալցակայանի վառելիքի լցման սարքը, ապա՝ տեղի ոստիկանության բաժանմունքի մոտ կայանված ծառայողական ավտոմեքենան, հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարի օգնական, ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, ոստիկանության գեներալ-մայոր Իրինա Վոլկը։
Երկու հրդեհն էլ մարվել է, տուժածներ չկան։ «Մոսկվայի մարզում իմ գործընկերներն արագորեն պարզել և ձերբակալել են կասկածյալին»,- նշել է Վոլկը։
Օրինական ներկայացուցիչների ներկայությամբ անցկացված հարցաքննության ընթացքում պատանին բացատրել է, որ գործել է անհայտ անձանց ցուցումով, ովքեր կապ են հաստատել իր հետ հաղորդագրությունների հավելվածի միջոցով և ներկայացել որպես անվտանգության մարմինների աշխատակիցներ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասով։