Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Դադիվանքի նշանավոր խաչքարերի իբր կորստի առնչությամբ Ինտերպոլին դիմելու ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությունը գերհրաշալի առիթ է Արցախի հոգևոր֊մշակութային արժեքների հանդեպ հենց իրենց գործած ոճրագործությունները համալիր բացահայտելու և լրջագույն իրավական հետևանքներ առաջադրելու տեսանկյունից։
Հասկանալի է, որ, ըստ էության, ծայրահեղ տգետ ու ընդհանուր առմամբ ինքնամերկացման հասցնող քայլ կատարելիս, այդ երկրի իշխանությունները պարզապես օգտվում են կատարյալ անարձագանք իրավիճակից, բայց այսպիսի նախաձեռնության դեպքում անգամ դա գործնականում հաջողություն չի երաշխավորելու։
Այո, նշանավոր խաչքարերը տեղափոխվել են, և դա արվել է վանդալիզմից փրկելու համար, իսկ որ այդպիսի մտահոգությունը ավելի, քան իրատեսական է եղել, հարկ կլինի առնվազն համալիր ու սպառիչ քննություն իրականացնել Արցախի մյուս սրբավայրերում տեղի ունեցած մեծաքանակ դեպքերի առթիվ, իսկ այդպիսի իրավաչափ պահանջից խուսափելն անչափ դժվար է լինելու։ Դեռ չանդրադառնանք մյուս դետալներին։
Տարիներ առաջ մի այսպիսի կարճատես քայլ էր նախաձեռնել նաև Կիպրոսը զավթած ապօրինի ռեժիմը։ Այդ շրջանում խորհրդարանի նախագահն էր իմ լավ բարեկամ հայազգի Մարիոս Գարոյանը։ Չբացեմ փակագծերը՝ շատ արագ հասկացան իրենց սխալը և արագ հետ քաշվեցին։
Հ.Գ. Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ բարբարոսաբար ոչնչացնում կամ յուրացնում ես, և դեռ զոհին ես մեղադրում պաշտպանվելու թույլ փորձերի համար …»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: