Ուկրաինայում զոհվել է ՌԴ-ից գրեթե 259 հազար զինծառայող․ ԶԼՄ-ներ

Քաղաքականություն

22.09.2026 | 20:32

Ռուսաստանցի առնվազն 258, 989 զինծառայող է զոհվել Ուկրաինայում՝ Մոսկվայի սանձազերծած պատերազմի սկսվելուց ի վեր։ Այս մասին են վկայում BBC-ի ռուսական ծառայության լրագրողների ու «Մեդիազոնա»-ի և կամավորների թիմի կողմից հրապարակված թարմացված ցուցակը, որը կազմվում է բաց աղբյուրներից ստացված տվյալների հիման վրա, գրում է DW-ն։

Հաստատվել է ռուսական բանակի և այլ ուժային կառույցների գրեթե 7700 սպաների զոհվելու փաստը։

Մասնավորապես, հայտնի է 17 գեներալի մահվան մասին՝ հինգ գեներալ-լեյտենանտ, ինը գեներալ-մայոր, երկու պաշտոնաթող գեներալ, ինչպես նաև Ուկրաինայի անվտանգության ծառայության մեկ գեներալ, որը փախել և տեղափոխվել էր Ռուսաստան։

Ցուցակը կազմողները նվազեցված են համարում զոհված մոբիլիզացված զինծառայողների՝ 20,5 հազարի հասնող տվյալները։ Զոհված զինծառայողների միջին տարիքը 37,8 տարեկան է։

Լրագրողների և կամավորների կազմած ցուցակն ամբողջական չէ, քանի որ զինծառայողների զոհվելու վերաբերյալ ոչ ամբողջ տեղեկատվությունն է հանրայնորեն հասանելի։

«Մեդիազոնա»-ի և BBC-ի ռուսական ծառայության լրագրողները 2022 թվականի փետրվարին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման առաջին օրվանից, լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում և պետական կառույցների կայքերում հրապարակվող՝ ռուս զինծառայողների զոհվելու վերաբերյալ հաղորդումների հաշվարկ են իրականացնում։

ՆԱՏՕ-ի գնահատականներով՝ ռազմաճակատում ամսական զոհվում կամ ծանր վիրավորվում է ավելի քան 40,000 ռուսաստանցի զինծառայող։ Այս մասին ավելի վաղ հայտարարել էր դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment