Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին


Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Դաշնակցության հետ կապված հարցերը: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: 


Դիմելով պատգամավոր Գեղամ Մանուկյանին, որն իր խոսքում մեջբերել էր Սարոյան եղբայրներ ֆիլմը, ասաց՝ ֆիլմի մասին քննարկումը կարող է կենտրոնական դառնալ այդ ամբողջ բանավեճի մեջ:


Խոսելով ֆիմի հերոսների՝ երկու եղբայրների՝ դաշնակցական, անկախական Գևորգի և բոլշևիկ, հեղափոխական Հայկի մասին, դիմելով դահլիճում ներկա դաշնակցականներին՝ Ռուբինյանը նկատեց՝ նրանք ֆիլմի հերոսներից Գևորգից վերածվել են Հայկի:


«Սիրելինե՛րս, դուք Գևորգից վերածվել եք Հայկի: Խնդիրն այն է, որ դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել եք 004 շրջաբերականով:


«Խնդիրն այն է, որ մի կուսակցություն, որի անվանումը նույնական է եղել անկախականության հետ, հասել է մի կետի, երբ 1988 թվականին, երբ անկախական շարժում էր ծնվում և բառիս լավ իմաստով՝ մոլեգնում Հայաստանում, ձեր կուսակցությունը դեմ է արտահայտվել անկախությանը՝ մինչև ընդհուպ 1991 թվականը»,- հայտարարեց Ռուբինյանը:


«Աբսուրդն այն է, որ դուք գիտեիք, որ Եզրասը՝ հայտնի Կարո ծածկանունով ԿԳԲ-ի գործակալը, ձեր քաղաքական դաշնակիցն է: Այ դա է աբսուրդը:


Դիմելով պատգամավոր Արմեն Ռուստամյանին և հակադարձելով նրա ելույթին, որում նա ասում էր՝ ոնց մեր տեսակը փոխենք, Ռուբինյանը հայտարարեց՝ դուք փոխել եք ձեր տեսակը:


«Դուք Գևորգից վերածվել եք Հայկի: Իհարկե, տարբեր բացատրություններ կարող են լինել»,- ասաց Ռուբինյանը՝ պարզաբանելով՝ խոսքը կուսակցության մասին է: 


Նրա խոսքով՝ եթե Հայաստանում կա ուժ, որը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ բառիս բուն իմաստով կոալիցիայի մեջ է եղել և նույն կառավարության մեջ, դա ՀՅԴ-ն է:


«Ինչի՞ եմ ես էս ամենն ասում, որովհետև համաձայն եմ Հակոբ Մովսեսի հետ, որ Դաշնակցությունը պիտի փոխի իր գաղափարախոսությունը՝ վերադառնա իր ակունքներին, որովհետև դուք ձեր ակունքներին դավաճանել եք, սիրելինե՛րս:


Դուք «Մահ կամ ազատություն» գոչողներից դարձել եք ԿԳԲ-ի գործակալ պաշտպանողի, Դուք «Մահ կամ ազատություն» գոռացողներից դարձել եք Գյումրիում Կոմունիստական կուսակցության հետ կոալիցվողի: Վերհիշե՛ք ձեր արմատները»,- հորդորեց Ռուբինյանը:


Ինչ վերաբերում է Հակոբ Հակոբյանին, նկատեց՝ դժվար չէ գուշակել, որ ինքը 100 տոկոսով համաձայն է նրա արտահայտած մտքերի հետ:


Հիշեցնենք՝ ԱԺ-ում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնել, քանի որ վերջինս, ըստ ընդդիմադիր պատգամավորի, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ քաղաքական գնահատականներ է հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին, և այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով:

Leave a comment