Թուրքիայի դպրոցում զինված հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 11-ի

Քաղաքականություն

22.09.2026 | 18:02

Այսօր առավոտյան Թուրքիայի արևմուտքում գտնվող Մանիսա նահանգի Թուրղութլու շրջանում տեխնիկական անատոլիական ավագ դպրոցի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 11 մարդ հոսպիտալացվել է։ Հաղորդվում է, որ նրանցից երկուսի վիճակը ծանր է, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Մանիսայի նահանգապետարանը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 07:59-ի սահմաններում։ Շտապօգնության ահազանգերից հետո դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության և բուժաշխատողների խմբեր։ Հարձակման հետևանքով վիրավորված անձինք տեղափոխվել են հիվանդանոց։

Իշխանությունները հայտնել են, որ կրակոցներ արձակելու մեջ կասկածվող անձը, որը, ըստ տեղեկությունների, ավագ դպրոցի 15-ամյա աշակերտ է, ձերբակալվել է։ Դեպքի առնչությամբ սկսվել են դատական և վարչական հետաքննություններ։

Հարձակումից հետո Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) լրատվամիջոցներին կոչ է արել խստորեն հիմնվել պաշտոնական հայտարարությունների վրա և խուսափել չհաստատված տեղեկությունների հրապարակումից։ Կարգավորող մարմինը լրատվամիջոցներին հորդորել է չցուցադրել բռնության, տրավմատիկ կամ վախ առաջացնող տեսարաններ, ինչպես նաև հարգել աշակերտների և նրանց ընտանիքների անձնական կյանքի գաղտնիությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment