ՄԱԿ-ի հեղինակությունը երբեք այսքան ցածր չի եղել․ Բրազիլիայի նախագահ

ՄԱԿ-ը ձախողում է իր ամենակարևոր նպատակներից մեկի իրագործումը՝ մարդկությանը պատերազմի արհավիրքից զերծ պահելը, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան։

– Կազմակերպության հեղինակությունը երբեք այսքան ցածր չի եղել։ Ամենախոցելի խավերին պաշտպանելու նրա կարողությունը երբեք այսքան թույլ չի եղել։ Պատերազմը քաղաքականության շարունակությունը չէ այլ միջոցներով. այն քաղաքականության լիակատար փլուզումն է։

– Պաղեստինցիների սերունդներ կրելու են Նեթանյահուի կառավարության իրականացրած ցեղասպանության պատճառած ցավն ու տրավման։ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեի ձայնը չպետք է լռեցվի ճշմարտությունն ասելու համար։ Հորդանան գետի արևմտյան ափին ապօրինի բնակավայրերի կառուցումը գնալով անիրագործելի է դարձնում «երկու պետություն» սկզբունքով լուծումը։ Պաղեստինցի ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի։

– Վենեսուելայի ժողովուրդն արժանի է սեփական ճակատագիրը որոշելու իրավունքին։ Ինչ վերաբերում է Կուբային, ապա աշխարհը սարսափով է հետևում, թե ինչպես են 10 միլիոն մարդու ենթարկում հավաքական պատժի՝ ապօրինի տնտեսական և էներգետիկ էմբարգոյի միջոցով։ Մեզ պետք չեն ավիակիրներ, որոնք պարեկություն կանեն մեր ջրերում։ Մեզ անհրաժեշտ է համագործակցություն՝ կասեցնելու համար զենքի և փողի այն հոսքը, որը սնուցում է կազմակերպված հանցավորությունը։ Սա է այն առաջարկի էությունը, որն անձամբ փոխանցել եմ ԱՄՆ նախագահին։

– Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է շարունակվի անզիջում կերպով՝ անկախ նրանից, թե ում է այն առնչվում։ Ոչ ոք օրենքից վեր չէ։

Leave a comment