Հայ բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը, Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում հասնելով կիսաեզրափակիչ, ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։ Սա Հայաստանի հավաքականի առաջին մեդալն է այս մրցաշարում։
65 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Քոչարյանը ժամանակից շուտ վստահ հաղթանակ տարավ Ռումինիայի ներկայացուցիչ Անդրեա Կրինուտայի նկատմամբ։ Մեր մարզուհին մրցակցին նոկդաունի ենթարկեց առաջին ռաունդում, իսկ երկրորդ ռաունդում ևս երկու անգամ նոկդաունի նկատելուց հետո մրցավարը դադարեցրեց մարտը։
Հիշեցնենք, որ Էլիդա Քոչարյանը մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն է, իսկ Սոֆիայի մրցաշարում հանդես է գալիս արդեն մեծահասակների կարգում։
World Boxing-ի հովանու Ներքո անցկացվող Եվրոպայի առաջնությունն ընթանում է Բուլղարիայի մայրաքաղաքում։ Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնում են երեք մարզուհիներ՝ Հեղինե Պետրոսյանը (մինչև 48 կգ), Լյուսյա Ավետիսյանը (մինչև 54 կգ) և Էլիդա Քոչարյանը (մինչև 65 կգ)՝ գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ։
Տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված են Ռուդոլֆ Գարբոյանը (մինչև 50 կգ), Ժիրայր Սարգսյանը (մինչև 55 կգ), Արթուր Բազեյանը (մինչև 60 կգ), Արթուր Սահակյանը (մինչև 65 կգ), Հարություն Հակոբկոխյանը (մինչև 70 կգ), Մարատ Միքայելյանը (մինչև 75 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (մինչև 80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (մինչև 85 կգ), Նարեկ Մանասյանը (մինչև 90 կգ) և Դավիթ Չալոյանը (+90 կգ)։ Թիմի գլխավոր մարզիչն է Ռուդիկ Մկրտչյանը, մարզիչը՝ Ռոբերտ Պետրոսյանը։