Արցախում գտնվող Դադիվանքից մշակութային արժեքներ Հայաստան տեղափոխելու վերաբերյալ Բաքվի մեղադրանքներին Երևանում արձագանքել են խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները՝ ներկայացնելով իրենց դիրքորոշումները։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Էդուարդ Աղաջանյանն ասել է, որ ՀԱԵ-ին պատկանող և Հայաստան տեղափոխելու ենթակա գույքը պետք էր բերել, հայտնում է «Ազատությունը»:
«Կարծում եմ՝ Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող ցանկացած գույք, որը հնարավոր էր բերել Հայաստան, պետք էր բերվեր Հայաստան։ Այստեղ զարմանալի բան չեմ տեսնում․ մեր ազգային հարստությունն է և պետք է լինի Հայաստանում», – ասել է Աղաջանյանը։
Հարցին, թե ինչ նպատակ կարող են հետապնդել Բաքվի հայտարարությունները, իշխանական պատգամավորն ասել է, որ դա պետք է հարցնել ադրբեջանական կողմին։ Միաժամանակ նա շեշտել է, որ նման մեղադրանքները չեն նպաստում խաղաղության շուրջ ձևավորվող մթնոլորտին։
«Երբ մենք ասում ենք՝ խաղաղությունը նոր է ձևավորվում և խնամքի կարիք ունի, այն երկուստեք խնամքի կարիք ունի։ Հուսով եմ՝ Ադրբեջանի մեր գործընկերները գիտակցում են դրա կարևորությունը և հնարավորինս զերծ կմնան իրավիճակը սրող և խաղաղության ամրապնդմանը չնպաստող գործողություններից ու հայտարարություններից», – ասել է նա։
Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքից Իշխան Սաղաթելյանն իր հերթին Բաքվի վերջին հայտարարությունները կապել է Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հետ։ Նրա պնդմամբ՝ Ադրբեջանը փորձել է խեղաթյուրել Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության ծագումը՝ այն ներկայացնելով որպես աղվանական կամ ալբանական ժառանգություն։
«Այս քայլով վերահաստատվում է՝ Նիկոլ Փաշինյանն իր վարած քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր», – հայտարարել է Սաղաթելյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նաև պնդել է, որ Բաքուն այդ եղանակով փորձում է խուսափել Ղարաբաղում տեղի ունեցածի համար պատասխանատվությունից և վերացնել հայկական հետքը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից հայտարարել են, որ Հայաստանը Դադիվանքի և ընդհանրապես հայկական մշակութային ժառանգության շուրջ Ադրբեջանի քաղաքականությանը պետք է արձագանքի պետական ամենաբարձր մակարդակով և միջազգային հարթակներում։ Կուսակցության ներկայացուցիչ Մարիաննա Ղահրամանյանը նշել է, որ հարցը բարձրացնելու հարմար հարթակ կարող է լինել նաև ՄԱԿ-ի ամբիոնը՝ Բաքվի քայլերը որակելով հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու և դրա ակունքները խեղաթյուրելու քաղաքականություն։
Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան ավելի վաղ հայտարարել է, թե 2020 թվականի պատերազմից հետո Դադիվանքից Հայաստան են տեղափոխվել խաչեր, զանգեր, որմնանկարներ և այլ մշակութային արժեքներ՝ «գողության» մեջ մեղադրելով հայերին: Նա հավելել է, որ դրանց վերաբերյալ որոշ տեղեկություններ ներառվել են Ինտերպոլի «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում։ Բաքուն միաժամանակ շարունակում է Դադիվանքն ու Գանձասարը ներկայացնել որպես Կովկասյան Աղվանքի ժառանգություն։