ԱՄՆ-ն 1.1 մլն դոլար է ներդրել Եղեգնաձորի նոր հրշեջ կայանի կառուցման համար

Քաղաքականություն

22.09.2026 | 16:44

Եղեգնաձորում բացվել է նոր հրշեջ կայան, որի ստեղծման համար ԱՄՆ-ն Եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակում ներդրել է 1.1 մլն դոլար։ Նոր կայանը նախատեսված է Վայոց ձորում արտակարգ իրավիճակներին արձագանքման և քաղաքացիական պաշտպանության կարողությունների ուժեղացման համար։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

«ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Փոլ Ու. Շնայդերի և Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի հետ մասնակցեցին Եղեգնաձորի նոր հրշեջ կայանի բացման արարողությանը։

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակում Միացյալ Նահանգները 1.1 միլիոն դոլար է ներդրել նոր կառույցի ստեղծման համար՝ Վայոց ձորում արտակարգ իրավիճակներին արձագանքման և քաղաքացիական պաշտպանության կարողություններն ամրապնդելու նպատակով։ Ժամանակակից կայանը կօգնի առաջին արձագանքողներին ավելի արդյունավետ սպասարկել տեղական համայնքները և կամրապնդի տարածաշրջանի՝ արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունը։

Մենք շարունակում ենք աշխատել Հայաստանի հետ՝ քաղաքացիական անվտանգության, արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և դիմակայուն համայնքների ամրապնդման ուղղությամբ։ Սա Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև խորացող կապերի և ընդլայնվող համագործակցության ևս մեկ օրինակ է»։

Leave a comment