Բնակարանների դեֆիցիտ, գների թանկացում, «տաքացում»՝ անշարժ գույքի շուկայում. պատճառներն ու հետևանքները

Բնակարանների դեֆիցիտ, գների թանկացում, «տաքացում»՝ անշարժ գույքի շուկայում. պատճառներն ու հետևանքները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ռուսաստանից հայերի և ՌԴ քաղաքացիների  մեծ հոսք ունենք, հիմնականում պայմանավորված է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական իրավիճակով, այնտեղ նաև սոցիալական խնդիրներ են առաջացել»,-Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտնել էր, որ Հայաստանում անշարժ գույքի գները աճել են 20%-ով:

Հարությունովի խոսքով՝ մեծ կապիտալի հոսք կա դեպի Հայաստան և դրա ֆոնին կա մեծ պահանջարկ. «Երբ պահանջարկը մեծ է լինում, սկսում է բնակարանների դեֆիցիտ առաջանալ և դրա ֆոնին շուկայական գները որոշակի բարձրանում են: Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու ժամանակ մարդկանց հոսքը 15-20 օրվա մեջ է եղել, հիմա էլ հնարավոր է՝ այդքան մարդ եկել է, բայց օրինակ՝ 3 ամսվա ընթացքում: Եթե մարդկանց հոսքն ավելի մեծանա, բնական է՝ դեֆիցիտի հաշվին էլի թանկացում կլինի, բայց հիմա կանխատեսելը շատ բարդ է»,- ասաց նա և նկատեց, որ շատ դեպքերում մարդիկ չեն տեղափոխվում Հայաստան, բայց իրենց բարեկամներին խնդրում են, որ իրենց համար անշարժ գույք ձեռք բերեն:

Անդրանիկ Հարությունովը նշեց, որ մարզերում էլ աճ կա. «Օրինակ՝ երևանամերձ մարզերում է պահանջարկը շատ, կան ներդրումային ծրագրեր, մարդիկ կան Ծաղկաձորում, Դիլիջանում գույք են ձեռք բերում՝ ներդրումային նպատակով:  Տարբեր երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում ապրող մեր հայրենակիցները, երբ տեսնում են՝ ՀՀ-ում անշարժ գույքի մեջ ներդրում կատարելն արդեն շահավետ է դարձել, սկսում են ներդրում անել, դրան գումարած մեր ներքին պահանջարկը: Հիմա երևանամերձ մարզերում՝ Կոտայքում, Արագածոտնում, Արարատում կառուցվող շենքերում շատ մեծ պահանջարկ կա՝ եկամտահարկի վերադաձի հետ կապված: Շուկան շատ տաք է»:

Անդրանիկ Հարությունովը նաև ներկայացրեց միջինացված արժեքներ. «Կենտրոնում 1քմ-ն միջինացված 900 հազարից 1 միլիոն է, դրանից հետո գալիս է Արաբկիր վարչական շրջանը՝ մոտավորապես 550 հազարից սկսվում է, պահանջվածներից են Դավթաշենը, Աջափնյակը, Նոր Նորքը, ամենամատչելին Նուբարաշենն է՝ 400-500 հազար դրամ»:

Leave a comment