Ադրբեջանական «դեղին» մամուլի հերթական հարձակումը․ Բաքվում նյարդայնացած են հայ պատանդների հարցով

Ադրբեջանական «դեղին» մամուլի տիպիկ ներկայացուցիչ Day.Az պորտալը հերթական հակահայկական հրապարակումն է տարածել՝ այս անգամ թիրախավորելով Ազգային ժողովի պատգամավոր, իրավապաշտպան Արամ Վարդևանյանին, ով միջազգային ատյաններում բարձրացրել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և հայ պատանդների իրավունքների պաշտպանության հարցը։  

Ցածրորակ քարոզչությամբ աչքի ընկնող ադրբեջանական լրատվամիջոցն իր նյութում անդրադարձել է մի շարք կետերի, որոնք արժանի են հստակ անդրադարձի․

Նախ՝ ադրբեջանական կողմը հոդվածն ուղեկցել է էժանագին ծաղրանկարներով՝ հայկական քաղաքական դաշտի ներկայացուցիչներին պատկերելով սատանայի եղջյուրներով։ Սա փաստում է, որ Բաքվի լրատվամիջոցները, զուրկ լինելով իրավական ու քաղաքակիրթ փաստարկներից, դիմում են բացահայտ ծաղրանքի ու անձնական վիրավորանքների։  

Երկրորդ՝ հրապարակման մեջ տեղ են գտել Բաքվում գտնվող հայ պատանդների՝ Բակո Սահակյանի, Ռուբեն Վարդանյանի և մյուսների լուսանկարները, որոնց միջոցով ադրբեջանական կողմը հեգնանքով պնդում է, թե իբր նրանք «կերակրված են», «կոկիկ հագնված» և նրանց հետ «լավ են վարվում»։ Սա քարոզչական ակնհայտ մանիպուլյացիա է, որով փորձ է արվում քողարկել միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտումներն ու բանտերում անմարդկային պահման պայմանները։  

Երրորդ՝ ադրբեջանական քարոզիչները պնդում են, թե պատանդների վերաբերյալ միջազգային դատարաններին ու ատյաններին ուղղված դիմումներն «անարդյունավետ են», իսկ տեղի ունեցողը համարում են Ադրբեջանի «ներքին գործը»։ Իրականում ռազմագերիների և ապօրինի պահվող անձանց իրավունքների պաշտպանությունը միջազգային իրավունքի տիրույթում է, իսկ Բաքվի ջղաձիգ արձագանքը վկայում է այն մասին, որ միջազգային ճնշումն ու իրավական գործընթացները լուրջ խնդիրներ են ստեղծում իրենց համար։  

Ադրբեջանական «դեղին» մամուլի նմանատիպ հրապարակումները և ծաղրանկարների կիրառումը հերթական անգամ ի ցույց են դնում Բաքվի քարոզչամեքենայի սնանկությունն ու նյարդային վիճակը։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment