Ալիևը հիմա էլ Հայաստանին մեղադրել է, իբր, հանքավայրերը «թալանելու» մեջ

Քաղաքականություն

22.09.2026 | 15:40

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանքարդյունաբերության և մետալուրգիական արդյունաբերության զարգացման պետական ​​ծրագրին նվիրված խորհրդակցության ժամանակ անդրադարձել է Ադրբեջանում հանքարդյունաբերության զարգացմանը խոչընդոտող հանգամանքներին, այս անգամ ևս Հայաստանի հասցեին տարաբնույթ ու կեղծ մեղադրանքներ հնչեցնելով։

«Ադրբեջանում հանքարդյունաբերության զարգացումը, ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով, չի հասել անհրաժեշտ մակարդակի։ Օբյեկտիվ պատճառները կապված են այն հանգամանքի հետ, որ խորհրդային տարիներին հայտնաբերված մեր բազմաթիվ հանքավայրեր գտնվում էին օկուպացված շրջաններում, իսկ հայկական պետությունը շարունակում էր իր օկուպացիոն քաղաքականությունը, այդ թվում՝ ադրբեջանցի ժողովրդի և պետության բնական պաշարների թալանը»,- հայտարարել է Ալիևը՝ հավելելով, թե, իբր, «Քելբաջարի, Լաչինի և Զանգելանի շրջաններում հայկական պետության կողմից ոչնչացվել, թալանվել, հատվել և վաճառվել է անտառային ֆոնդի 60 հազար հեկտար տարածք, իսկ արդեն Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո անտառները հրկիզվել են այն ժամանակահատվածում, երբ հայկական զինված ուժերը պետք է լքեին Քելբաջարի և Լաչինի շրջանները»։

Նա հայտարարել է, թե «ոսկու, պղնձի և մոլիբդենի հանքավայրերը նույնպես թալանվել են», նաև հավելել, որ մի շարք հանքավայրերում շուտով արդյունահանման աշխատանքներ կսկսեն։

Հավելենք, որ Սոթքի ոսկու հանքավայրի մի մասը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հանքը դեռևս ԽՍՀՄ տարիներին ամբողջությամբ շահագործել է Հայաստանը, այն հանդիսացել է ՀԽՍՀ սեփականությունը, որը հաստատող տարբեր փաստաթղթեր կան։ Այնուամենայնիվ, այժմ Բաքուն հանքի շահագործման աշխատանքներ է իրականացնում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment