Համայնքի ղեկավարի միակ թեկնածուն 1997 թվականից համայնքապետ է

Համայնքի ղեկավարի միակ թեկնածուն 1997 թվականից համայնքապետ է

Քաղաքականություն

Սեպտեմբերի 27-ին Լերմոնտովո համայնքում համայնքի ղեկավար կընտրեն՝ մեծամասնական ընտրակարգով։ Միակ թեկնածուն գործող համայնքապետ Էդիկ Չախալյանն է, որը Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է դեռևս 1997 թվականին։ Նա գյուղը ղեկավարում է անընդմեջ՝ շուրջ 29 տարի։

Համայնքների խոշորացումից հետո՝ 2021 թվականի նոյեմբերին, Չախալյանը կրկին վերընտրվել է՝ արդեն ստանձնելով խոշորացված Լերմոնտովո համայնքի ղեկավարի պաշտոնը։ Միավորված համայնքի կազմում ներառված է նաև Անտառաշեն գյուղը։

Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում ընտրողների թիվը 725 է։ Նրանց շուրջ 80 տոկոսը ռուսներ են, հիմնականում՝ մոլոկաններ։

Համայնքի ղեկավարի միակ թեկնածուն քարոզարշավ չի իրականացնում։

«Դուրս էլ չեմ եկել, որ ասեմ՝ ժողովուրդ ջան, եկեք ինձ ընտրեք։ Ժողովուրդն ոնց ուզենա, թող իրենց սրտով լինի»,– «Ա1+»-ին ասաց  Էդիկ Չախալյանը։

Նա հպարտությամբ նշում է, որ Լերմոնտովոյում հարկերի հավաքագրման մակարդակը հասնում է 90 տոկոսի։ Նրա խոսքով՝ դրա շնորհիվ կարողացել են Անտառաշենում կազմակերպել լուսավորություն, գազաֆիկացում և աղբահանություն։ Համայնքում մանկապարտեզ կա, իսկ դպրոցը կապիտալ վերանորոգվում է։

Համայնքի հիմնական խնդիրը Էդիկ Չախալյանը ճանապարհաշինությունն է համարում։

«Հիմնական մեր գործը Լերմոնտովոյում գյուղամիջյան ճանապարհներն են։ Մենք այս տարի 500 մետր ասֆալտապատում ենք արել։ Անցած տարվա՝ 1 կիլոմետրից ավելի սալարկման աշխատանքներն այս տարի ավարտել ենք։ Այս տարի 500 մետր ասֆալտ ենք փռել, երկու տարի առաջ՝ 200 մետր ասֆալտ»,– ասում է համայնքի գործող ղեկավարը։

Նա խոստանում է, որ ճանապարհների վերանորոգումից հետո կանցնեն մայթերի կառուցմանը՝ ինչպես քաղաքներում է։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2025 թվականի հայտարարագրից տեղեկանում ենք, որ համայնքապետը Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում ունի յոթ հողամաս՝ միանձնյա սեփականությամբ, ևս երկու հողամաս՝ բաժնային սեփականությամբ։ Նա նաև միանձնյա սեփականության իրավունքով ունի մեկ անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված տնտեսական շինություններով։

Հայտարարագրի համաձայն՝ Չախալյանը 2025 թվականին օտարել է իրեն միանձնյա սեփականության իրավունքով պատկանող ևս մեկ անշարժ գույք։

Համայնքապետը որպես բանկային ավանդ ունեցել է 500 հազար դրամ, որը տարվա վերջում կազմել է 550 հազար դրամ։ Բանկային հաշիվների մնացորդը տարվա սկզբին եղել է 50 հազար դրամ, իսկ տարվա վերջում՝ 100 հազար դրամ։

Մեկ տարվա ընթացքում Էդիկ Չախալյանը ստացել է 804 հազար դրամ թոշակ և 3 միլիոն 183 հազար 700 դրամ աշխատավարձ։

Ի դեպ, ըստ հայտարարագրի, նա որևէ կուսակցության անդամ չէ։

Leave a comment