Հայաստանում տաք եղանակը կպահպանվի, իսկ սեպտեմբերի 23-24-ին ջերմաստիճանի բարձրացումը կհասնի իր առավելագույնին՝ առանձին շրջաններում գրանցելով ռեկորդային ցուցանիշներ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Մեզ սպասվում է ռեկորդային տաք օր, տաք օրերը դեռ չեն նահանջի»,-գրել է նա:
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, սեպտեմբերի 24-ին Երևանում, Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում կգրանցվի 33-34 աստիճան տաքություն: Մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններին կամ կգերազանցի այն։
Սուրենյանը հայտնել է, որ սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում երկիրը հիմնականում լինելու է Իրաքից եկող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում:
Սեպտեմբերի 25-26-ին օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 2-3 աստիճանով, սակայն կպահպանվի կլիմայական նորմայից բարձր մակարդակում։
Առաջիկա հինգ օրերին հիմնականում առանց տեղումների եղանակ է գերակշռելու։ Բացառություն են կազմելու Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերը, որտեղ սեպտեմբերի 22-ին, ինչպես նաև 25-27-ը երեկոյան ժամերին առանձին հատվածներում ամպրոպային բնույթի անձրևներ են կանխատեսվում։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնել է, որ սեպտեմբերի ամբողջ երկրորդ տասնօրյակի ընթացքում Հայաստանը գտնվել է արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով։