6500 զոհվա՞ծ հայ. բաց աղբյուրները ռուս-ուկրաինական պատերազմի զոհերի այլ թվի մասին են խոսում

Սոցիալական ցանցերում և հանրային դաշտում լայնորեն շրջանառվում է պնդում, թե Ռուսաստանի կողմից իրականացվող պատերազմի հետևանքով զոհվել է ավելի քան 6500 հայ։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է պարզել այս պնդման իսկությունը ու փաստական հիմքերը։

Այս նպատակով FIP.am-ը գրավոր հարցումներ է ուղարկել Արտաքին գործերի նախարարություն և Գլխավոր դատախազություն։ Երկու պետական կառույցներն էլ պատասխանել են, որ չեն տնօրինում ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում երկու կողմերում զոհված հայազգի անձանց վերաբերյալ որևէ համակցված կամ հաստատված տվյալ։

FIP.am-ը փորձել է որոշակի պատկեր ստանալու համար դիմել «Մեդիազոնա» անկախ լրատվամիջոցին, որը 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր համակարգված կերպով հավաքագրում և հրապարակում է ռուսական բանակի զոհված զինծառայողների տվյալները՝ հիմնվելով բացառապես բաց աղբյուրների վրա (պաշտոնական հաղորդագրություններ, տեղական ԶԼՄ-ներ, սոցիալական ցանցեր, մահախոսականներ և այլն)։

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմը սկսվել է 2022 թվականի փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնածավալ ռազմական ներխուժմամբ և շարունակվում է մինչ օրս։

«Մեդիազոնա»-ի տվյալների բազան ներառում է շուրջ 170 հազար զոհվածի անուն։ Այդ ծավալի ինքնուրույն մշակումն ու ազգանունների հիման վրա հայազգի անձանց առանձնացումը տեխնիկապես և ժամանակային առումով անհնար էր։ Այդ պատճառով «Փաստերի ստուգման հարթակը» դիմել է «Մեդիազոնա»-ին՝ խնդրելով տրամադրել իրենց բազայում առկա հայկական ազգանուններով («յան», «յանց», «ունի», «ենց», «ունց») զոհված անձանց ցանկը:

Լրատվականը տրամադրել է համապատասխան տվյալները, որոնցից զտվել են այն ազգանունները, որոնք թեև ավարտվում էին «յան» վերջավորությամբ, սակայն հայկական չէին։

«Մեդիազոնա»-ի տրամադրած տվյալների համաձայն՝ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում ռուսական կողմում արձանագրված և հաստատված հայկական ազգանուններով զոհվածների թիվը 841 է։

Տվյալ ցանկի հիման վրա պարզվել է, որ․

  • 48 անձ ծնվել է Հայաստանում (1, 2, 3, 4, 5),
  • 257 կամավոր է մեկնել պատերազմ,
  • 116 անձ հավաքագրվել է կալանավայրերից (դատապարտյալներ) (1, 2, 3, 4, 5 …)։

Զոհվածների շարքում 7 ենթասպա, 20 լեյտենանտ, 4 կապիտան, 1 մայոր և 1 փոխգնդապետ կա։ 

Օրերս զոհվել էր նաև հայկական «Արբատ» կամավորական գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը։

Ներկայացված ցանկը չի կարող համարվել ամբողջական կամ վերջնական։ Այն արտացոլում է միայն այն դեպքերը, որոնք բաց աղբյուրների հիման վրա արձանագրվել և հաստատվել են «Մեդիազոնա»-ի կողմից։

Այս տվյալները չեն հաստատվում պետական որևէ մարմնի կողմից և չեն կարող հիմք հանդիսանալ 6500 զոհի մասին պնդումների համար։

Առանց աղբյուրների, փաստաթղթերի կամ մեթոդաբանության հրապարակման՝ նման բարձր թվերի շրջանառումը մնում է անհաստատ և ապացույցներից զուրկ։

Այս պահի դրությամբ չկա որևէ պաշտոնական կամ վստահելի աղբյուր, որը կհաստատի, թե ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 6500 հայ։ Բաց աղբյուրների վրա հիմնված ամենամեծ հաստատված տվյալների բազան՝ «Մեդիազոնա»-ն, արձանագրել է 841 դեպք՝ հստակ նշելով, որ այդ թիվը ամբողջական չէ։

Այսպիսով, փաստերի ստուգումը ցույց է տալիս, որ մարդկային կորուստների վերաբերյալ բարձր թվերի շրջանառումը՝ առանց աղբյուրների և հստակ հաշվարկի ապատեղեկատվական ռիսկեր է պարունակում։

The post 6500 զոհվա՞ծ հայ. բաց աղբյուրները ռուս-ուկրաինական պատերազմի զոհերի այլ թվի մասին են խոսում appeared first on FIP.AM.

Leave a comment