Էրդողանը կոչ է անում վերացնել ՄԱԿ-ում վետոյի իրավունքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ՄԱԿ ԱԽ) և վերացնել վետոյի իրավունքը։ Այս դիրքորոշումը նա ներկայացրել է Bloomberg-ի համար գրված հոդվածում։

Ըստ Թուրքիայի ղեկավարի՝ Անվտանգության խորհրդի ներկայիս կառուցվածքը դեռևս արտացոլում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված ուժերի հարաբերակցությունը և այլևս չի համապատասխանում ժամանակակից իրողություններին։ Էրդողանը կարծում է, որ միջազգային ճգնաժամերի լուծումը չպետք է կախված լինի «մի քանի մայրաքաղաքների» կայացրած որոշումներից, և որ դրանց կարգավորման պատասխանատվությունը պետք է բաշխվի ավելի մեծ թվով պետությունների միջև։ «Վետոյի իրավունքի վերացումը պետք է լինի ցանկացած էական բարեփոխման թե՛ մեկնարկային կետը, թե՛ հիմնարար ռազմավարական նպատակը։ Բարեփոխումը չի կարող պարզապես հանգել այդ նույն արտոնությունը այլ պետությունների տրամադրելուն», – հայտարարել է նա։

Էրդողանն առաջարկել է անցնել մի համակարգի, որտեղ Անվտանգության խորհրդի անդամները կընտրվեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ սահմանափակ ժամկետով և ռոտացիոն սկզբունքով։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամներ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան օժտված են վետոյի իրավունքով։ Նրանցից յուրաքանչյուրը կարող է արգելափակել Անվտանգության խորհրդի էական նշանակություն ունեցող բանաձևը՝ դրան դեմ քվեարկելով։

Leave a comment