Խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ ուժը՝ «Ուժեղ Հայաստանը», հոկտեմբերին նախատեսված համայնքային ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել միայն Ստեփանավանում։
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի տասը մարզի 19 համայնքներում ընտրություններ են նախատեսվել։ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարող՝ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը մնացած 18 համայնքներում թեկնածուներ չի առաջադրել, հայտնում է «Ազատությունը»:
Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» ընտրական ցուցակը գլխավորելու է Արսեն Գևորգյանը։ Այստեղ իշխող ՔՊ-ի թեկնածուն Ստեփանավանին միավորվող Լոռի բերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանն է։
Խորհրդարանական երկրորդ ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան» դաշինքում ընդգրկված կուսակցությունները որոշել են տեղական ընտրություններին մասնակցել առանձին։ ՀՅԴ-ն առաջադրվել է խոշորացված Մարտունի, Արտաշատ, Հրազդան համայնքներում և Ծաղկաձորում, իսկ դաշինքի մաս կազմող «Առաջ» կուսակցությունը՝ միայն Արմավիրի մարզի Արաքս համայնքում։
ՀՅԴ-ից ավելի վաղ հայտնել էին, որ պատրաստվում են պայքարել նաև Գորիսում, սակայն ի վերջո որոշել են այնտեղ չառաջադրվել։ Այս համայնքում իշխող ուժի թեկնածուն նախկին ընդդիմադիր համայնքապետ Առուշ Առուշանյանն է:
Համայնքային ընտրություններին ընդդիմադիր ուժերից ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Մանե Թանդիլյանի ղեկավարած արտախորհրդարանական «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Այն ընտրապայքարի է մասնակցելու Մեղրիում, Գորիսում, Ջերմուկում, Դիլիջանում, Մարտունիում ու Արթիկում։ «Ապրելու երկիրը» նախորդ ընտրություններում Փարաքարում և Նոյեմբերյանում հաղթել էր իշխող ՔՊ-ին։
Կալանավորված Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռևս որևէ հայտարարություն չի արել։ Հայտնի չէ՝ կուսակցությունը որևէ համայնքում թեկնածու առաջադրել է, թե ոչ։
2026 թվականի աշնանը Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն 46 համայնքում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության համար սահմանել է երեք օր՝ սեպտեմբերի 27-ը, հոկտեմբերի 25-ը և նոյեմբերի 29-ը։ Ընտրությունները տարբեր համայնքներում անցկացվելու են համամասնական և մեծամասնական ընտրակարգերով։