Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հերթական աղմկահարույց, սակայն փաստարկներից զուրկ հայտարարությունն է տարածել։ Բաքվի ուժայինները պնդում են, թե իբր կրոնական ծեսերի համար հավաքագրված միջոցները կրիպտոարժույթի միջոցով փոխանցվել են «ահաբեկչական կազմակերպություններին»։
Սեպտեմբերի 18-ին տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ֆինանսավորման այդ ենթադրյալ սխեման և հասարակական ու կրոնական գործիչների դեմ նախապատրաստվող մահափորձերը քննվում են մեկ միասնական քրեական գործի շրջանակում։
Ուշագրավ է, որ ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցներով տարածված տեքստում չկան հիմնավոր տվյալներ․ նշված չեն ոչ փոխանցված գումարների չափերը, ոչ այն կազմակերպությունները, որոնք իբր ստացել են այդ միջոցները, և ոչ էլ այն հինգ երկրների անունները, որտեղ, ըստ ուժայինների, իրականացվել են այդ գործարքները։
Բաց աղբյուրների տվյալները թույլ չեն տալիս անկախ ձևով հաստատել այս գործի իսկությունն ու ծավալները։ Հանրությանը մատուցվող նյութերը պարզապես կրկնում են քննությունն իրականացնող ադրբեջանական հատուկ ծառայության վարկածը, ինչը հերթական անգամ կասկածի տակ է դնում գործի քաղաքական ենթատեքստն ու շինծու լինելը։