Չեխական Seznam Zprávy պարբերականի հետաքննությամբ պարզվել է, որ կրեմլամետ «Ռիբար» («Рыбарь») մեդիա նախագիծը, որը նախկինում ապատեղեկատվություն տարածելով միջամտել է նաև Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, գործունեություն է ծավալել նաև Չեխիայում, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:
Մասնավորապես, «Рыбарь»-ի նկարահանող խմբերն այցելել են Չեխիա և եվրոպական այլ երկրներ, որտեղ քաղաքական գործիչների, լրագրողների ու փորձագետների մասնակցությամբ հարցազրույցներ են տեսագրել: Ընդ որում, պարբերականի փոխանցմամբ՝ հարցազրույց տված անձանց համար ոչ միշտ է հստակ եղել, թե տեսանյութը որ նախագծի համար է պատրաստվում:
Seznam Zprávy-ի լրագրողներին հաջողվել է կապ հաստատել ցանցի անդամների հետ այն բանից հետո, երբ ապատեղեկատվության հարցերով փորձագետ Բոհումիլ Կարտուսին հարցազրույցի առաջարկ է արվել: Seznam Zprávy-ն Պրահայում կազմակերպել է հանդիպումը և թաքնված տեսախցիկների միջոցով հետևել դրա ընթացքին: Նկարահանմանը մասնակցել են Գերմանիայում բնակվող ռուսներ Վիտալի Չաշչուխինը և Իգոր Դոլմատովը:
Զրույցի ընթացքում Չաշչուխինը հաստատել է «Рыбарь» նախագծում աշխատելու հանգամանքը: Այն բանից հետո, երբ Seznam Zprávy-ի լրագրողները հայտնել են իրենց ինքնությունը և նախագծի մասին հարցեր ուղղել, երկու ռուսներն էլ հեռացել են հանդիպման վայրից:
Հետաքննության համաձայն՝ հարցազրույցների կազմակերպման և մասնակիցների որոնման պատասխանատվությունը կրել է Մոսկվայում բնակվող Բորիս Դվորկինը։ Լրագրողները պարզել են, որ նրա նախագծերից մեկին ֆինանսավորում է տրամադրել Վլադիմիր Պուտինի հրամանագրով հիմնադրված Ռուսաստանի Հայրենիքի պատմության հիմնադրամը, որի խորհրդի նախագահն է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Դվորկինն ինքը Seznam Zprávy-ի հետ զրույցում հերքել է ռուսական հետախուզական ծառայություններում աշխատելու հանգամանքը։
«Рыбарь»-ի հիմնադիր Միխայիլ Զվինչուկը հայտնվել է ԵՄ պատժամիջոցների ներքո: Պատժամիջոցների հիմնավորման մեջ նրան ներկայացրել են որպես ռուս ռազմական բլոգեր և քարոզիչ, որը Ուկրաինայի դեմ պատերազմի վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածում: Նշվել է նաև, որ նա անդամակցում է Վլադիմիր Պուտինի կողմից 2022 թվականի դեկտեմբերին ստեղծված աշխատանքային խմբին, որի նպատակը Ուկրաինայի դեմ պատերազմի հետ առնչվող Ռուսաստանի մոբիլիզացիոն ջանքերի համակարգումն է:
ԵՄ-ն Զվինչուկին նաև ներկայացրել է որպես ռուսամետ ռազմական «Рыбарь» ալիքի ստեղծող, որը տեղեկություններ է տարածում Ռուսաստանի ռազմական գործողությունների ու ուկրաինական դիրքերի վերաբերյալ, ինչպես նաև հրապարակում է ապատեղեկատվություն և կրեմլամետ քարոզչություն: Նախագծի ռուսալեզու Telegram ալիքի բաժանորդների թիվը գերազանցւմ է 1.5 միլիոնը, իսկ անգլերեն տարբերակինը մոտեցել է 80,000-ի:
Զվինչուկի նկատմամբ կիրառված պատժամիջոցների պատճառով նախագծի հետ համագործակցությունը ԵՄ-ում նրա հետ աշխատող անձանց համար կարող է նաև իրավական հետևանքների հանգեցնել:
Չեխիայի ֆինանսական վերլուծության գրասենյակի պարզաբանմամբ՝ պատժամիջոցների ենթարկված անձի վերահսկողության ներքո գտնվող ընկերությանը ծառայությունների տրամադրումը կարող է դիտարկվել որպես այդ անձին տնտեսական ռեսուրսների անուղղակի տրամադրում: Չեխիայի Հանրապետությունում պատժամիջոցները խախտելու համար նախատեսվել է մինչև 50 միլիոն կրոն տուգանք՝ մոտ 2 մլն եվրո, իսկ առանձին դեպքերում՝ նաև քրեական պատասխանատվություն:
Seznam Zprávy-ն նաև պարզել է, որ «Рыбарь-ի» ներկայացուցիչները Չեխիայում արդեն հասցրել են այլ հարցազրույցներ տեսագրել: Մասնավորապես, Չեխիայի ռազմական հետախուզության նախկին ղեկավար Անդոր Շանդորը հաստատել է նկարահանող խմբի հետ զրուցելու փաստը: Նա հայտնել է, որ հետագայում հետ է կանչել ձայնագրությունն օգտագործելու համաձայնությունը, քանի որ դժգոհ է մնացել կազմակերպիչների պահվածքից և տրված հարցերի բովանդակությունից:
Հետաքննությամբ նաև պարզվել է, որ Չեխիայի Հանրապետությունը եղել է ընդամենը այն երկրներից մեկը, որտեղ նախատեսվել է նախագծի գործունեությունը։ Նկարահանումներ են ծրագրվել նաև Սլովակիայում, Սերբիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Ավստրիայում, Հունգարիայում, Բելգիայում ու Ֆրանսիայում։ Այսպիսով, Seznam Zprávy-ի տվյալներով՝ խոսքը ոչ թե մեկ առանձին ուղևորության, այլ եվրոպական լսարանի համար բովանդակություն արտադրող ցանց ձևավորելու փորձի մասին է եղել։
2026 թվականի հուլիսին Միացյալ Թագավորությունը ևս պատժամիջոցներ է սահմանել «Рыбарь»-ի նկատմամբ։ Սահմանափակումների տակ են հայտնվել նաև նախագծի հետ առնչվող տասը անձինք, որոնց թվում եղել են դրա ղեկավարության ներկայացուցիչներ և բովանդակություն ստեղծողներ։ Բրիտանական իշխանությունները պնդել են, որ «Рыбарь»-ը ֆինանսավորում է ստացել Ռուսաստանից, Ուկրաինայի վերաբերյալ կեղծ պատմություններ է տարածել և միջամտել եվրոպական ընտրություններին, այդ թվում՝ Մոլդովայում ու Հայաստանում։
Միացյալ Նահանգներում նախագծի գործունեությունը հայտնվել է ուշադրության կենտրոնում 2024 թվականի նախագահական քարոզարշավի ընթացքում։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը մինչև 10 միլիոն դոլարի պարգևավճար է առաջարկել «Рыбарь»-ի աշխատակիցների վերաբերյալ տեղեկությունների դիմաց։ Ամերիկյան իշխանությունները պնդել են, որ նախագիծը տեղեկատվական արշավ է իրականացրել՝ նպատակ ունենալով հասարակական անհամաձայնություն հրահրել և միջամտել նախագահական ընտրություններին։
ԱՄՆ-ի տվյալների համաձայն՝ «Рыбарь»-ը նախկինում ֆինանսավորում է ստացել «Վագներ» մասնավոր բանակի հիմնադիր Եվգենի Պրիգոժինից, իսկ նախագիծը պատվերներ է ստացել նաև ռուսական պետական պաշտպանական «Ռոստեխ» կոնցեռնից։
2026 թվականի փետրվարին OpenAI-ը հայտնել է «Рыбарь» ցանցի հետ կապվող օգտահաշիվների արգելափակման մասին: Ընկերության տվյալներով՝ այդ հաշիվներն օգտագործվել են ChatGPT-ի միջոցով տարբեր լեզուներով մեծ ծավալով կարճ հաղորդագրություններ պատրաստելու նպատակով, որոնք հետագայում տարածվել են X-ի և Telegram-ի միջոցով: OpenAI-ի տվյալներով՝ նպատակն այնպիսի տպավորություն ձևավորելն է եղել, թե ռուսամետ հաղորդագրությունները հրապարակվում են տարբեր երկրներում գտնվող իրական օգտատերերի կողմից: