Անկարան ու Վաշինգտոնը սրբագրում են Կովկասի քարտեզը․ Ֆիդանի ուշագրավ հայտարարությունները Նյու Յորքում

Մինչ Հայաստանի իշխանությունները զբաղված են ներքին քարոզչությամբ ու հանրությանը «խաղաղության» անուրջներ մատուցելով, Միացյալ Նահանգներում ընթանում են տարածաշրջանի ապագան վճռող բուն քննարկումները։ Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը բացահայտ խոսել է այն մասին, թե ինչպես են Անկարան ու Վաշինգտոնը համակարգում իրենց քայլերը Հարավային Կովկասում։

«Թուրք-ամերիկյան հարաբերությունները 100-ի շեմին» խորագրով քննարկման ժամանակ Ֆիդանը հայտարարել է, թե Թուրքիան և ԱՄՆ-ն «աջակցում են» Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացին։ Թուրքական դիվանագիտության ղեկավարը չի թաքցրել, որ Անկարայի և Վաշինգտոնի միջև ձևավորված տանդեմը նպատակ ունի իրենց վերահսկողության տակ պահել ոչ միայն Կովկասը, այլև Սևծովյան տարածաշրջանը՝ դրանք վերածելով «համագործակցության հարթակի»։

Ուշագրավ է, որ Անկարան իր աշխարհաքաղաքական նկրտումներն առաջ մղելիս ապավինում է նաև անձնական դիվանագիտությանը։ Ֆիդանը հատուկ ընդգծել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ հույսեր է կապում Դոնալդ Թրամփի հետ ունեցած հարաբերությունների հետ, ինչը, նրա համոզմամբ, թույլ է տալու ավելի խորացնել թուրք-ամերիկյան գործընկերությունը տարբեր տարածաշրջանային ճգնաժամերում՝ Բալկաններից մինչև Մերձավոր Արևելք ու Աֆրիկա։

Այս ամենի ֆոնին սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ է ունենալու Էրդողանը։ Ակնհայտ է, որ Թուրքիան, օգտվելով տարածաշրջանում ստեղծված ուժային անհավասարակշռությունից, Վաշինգտոնի հետ գործարքների միջոցով փորձում է վերջնականապես ամրապնդել իր տերությունն ու դիրքերը Հարավային Կովկասում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment