Փաշինյանը մասնակցել է Հայաստանի պատմության թանգարանում միջազգային ցուցադրության բացմանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը:

Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի և Բեռլինի Թանգարանային կղզու 200-ամյակի առիթով՝ վերածվելով մշակութային երկխոսության, ինստիտուցիոնալ հիշողության ու երկու կարևոր թանգարանային կենտրոնների համագործակցության նշանակալի հարթակի։

Փաշինյանը շրջել է ցուցասրահներում և ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին։

Ցուցադրությունում ներկայացվել են Բեռլինի Թանգարանային կղզու վեց թանգարանից բերված ավելի քան 50 նմուշ, որոնք համադրվել են Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուներից ընտրված ցուցանմուշների հետ։

Բեռլինի Թանգարանային կղզուց բերված արժեքավոր նմուշներն ընդգրկել են ժամանակագրական լայն ժամանակահատված՝ հին աշխարհից մինչև միջնադար և նոր ժամանակներ։ Ներկայացվել են Ուրուկում, Ասորեստանում, Բաբելոնում, Եգիպտոսում, Իրանում, Հունաստանում, Հայաստանում, Բյուզանդիայում, ինչպես նաև Իտալիայում, Գերմանիայում և այլ երկրներում հայտնաբերված ծիսական անոթներ, կնիքներ, զարդեր, զենքեր ու ճարտարապետական զարդաքանդակներ, որոնց վրա պահպանվել են տիեզերագիտական և առասպելաբանական պատկերների հետքեր։

Ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանում գործելու է մինչև 2027 թվականի մարտի 21-ը։

Leave a comment