Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:
Նյու Յորքում Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններին նվիրված քննարկման ընթացքում Ֆիդանն ընդգծել է, որ Անկարան ու Վաշինգտոնը համագործակցություն են ծավալում տարածաշրջանային և միջազգային մի շարք ուղղություններով՝ Մերձավոր Արևելքից մինչև Կովկաս ու Բալկաններ, հայտնում է Auroranews.am-ը թուրքական լրատվամիջոցների վրա հղումով:
Ֆիդանը նաև ընդգծել է, որ Թուրքիան կարևորել է Սև ծովում լարվածության սրման վտանգների նվազեցումն ու նավագնացության անվտանգության ապահովումը՝ ձգտելով Սև ծովը վերածել ոչ թե խնդիրների, այլ համագործակցության տարածքի։
2025-ի օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։