«Հրապարակ» թերթը գրել է․
Մենք տեղեկացանք, որ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, որոշել է «Շանթ դաշինք»-ով մասնակցել Սյունիքի ՏԻՄ ընտրություններին:
Մեր աղբյուրի խոսքով` այս ուժը կառաջադրվի Կապանի առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Նրանց համայնքապետի թեկնածուն, ըստ ամենայնի, կրկին կլինի Գեւորգ Փարսյանը, որը նախորդ ընտրություններին մասնակցել եւ հաղթել է «Շանթ դաշինքի» կողմից առաջադրվելով: 2021 թվականի տեղական ընտրությունների ժամանակ այս դաշինքը բավականին ակտիվ է եղել եւ Սյունիքի որոշ համայնքներում մասնակցել է եւ բավականին շատ ձայներ ստացել` ավագանիների կազմում խմբակցություններ ձեւավորելով, ուստի այս անգամ էլ է որոշել մասնակցել ընտրություններին:
Ի դեպ, Շանթ Հարությունյանը ծնունդով կապանցի է: «Շանթ դաշինք» կուսակցությունը Կապանում ունի կուսակիցների որոշակի բանակ եւ բավականին թվով ձայներ: ՔՊ-ն, մեր տեղեկություններով, կրկին որոշել է առաջադրել Նարեկ Բաբայանին, որը մի անգամ արդեն պարտվել է Փարսյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի շուրջ կրքերը ՔՊ-ում դեռ չեն հանդարտվել։ Սարգսյանը, հիշեցնենք, հրապարակային քննադատության էր ենթարկել ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նրան մեղադրելով խաղատնային բիզնեսին հովանավորելու և այդ ոլորտի շահերին սպասարկող օրենսդրական նախաձեռնություններ առաջ տանելու մեջ։ Ասել է թե՝ համարձակվել է խոսել ներքին խնդիրներից։
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ հենց այսօր Հայկ Սարգսյանի հարցը կուսակցության ներսում վերջնական հանգուցալուծում ստանա։
Մեր տեղեկություններով՝ քննարկվում է երկու տարբերակ։ Առաջինի դեպքում Սարգսյանը կհրավիրվի ՔՊ վերահսկող հանձնաժողով, որտեղ նրանից պարզաբանումներ կպահանջեն հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ, ինչից հետո հանձնաժողովը համապատասխան որոշում կկայացնի կամ առաջարկություն կներկայացնի վերնախավին։
Երկրորդ տարբերակով՝ ՔՊ վարչությունը կարող է վերահսկող հանձնաժողովից պահանջել ներկայացնել Հայկ Սարգսյանի վերաբերյալ կուսակցության տրամադրության տակ եղած ամբողջ նյութն ու փաստերը։ Դրանք արդեն կքննարկվեն կուսակցության ղեկավար մակարդակում՝ ՔՊ վարչությունում, և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կորոշվի՝ Սարգսյանին հեռացնե՞լ կուսակցությունից, թե՞ սահմանափակվել հերթական նկատողությամբ։
Ուշագրավ է, որ խնդիրը վաղուց արդեն միայն ներկուսակցական կարգապահության շրջանակում չէ։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Հայկ Սարգսյանի աղմկահարույց հայտարարություններին, ասել էր՝ արդյունքում «մարդ պետք է նստի»։ Վարչապետը, սակայն, որևէ անուն չէր նշել։
«Ժողովուրդ»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սարգսյանի հայտարարությունների առնչությամբ Հակակոռուպցիոն կոմիտեում սեպտեմբերի 11-ին քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու վերաբերյալ։
Մնում է սպասել՝ հասկանալու՝ արդյունքում Հայկ Սարգսյանը «կնստի՞», թե Ալեն Սիմոնյանը կամ Հայկ Ղալումյանն և Հակոբ Սիմիդյանը»։