Ազատությունը, անվտանգությունը, ժողովրդավարությունը, բարեկեցությունն ու ինքնիշխանությունը չեն կարող լիարժեք լինել անվերջ թվացող հակամարտության և պարբերաբար բռնկվող պատերազմի պայմաններում։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության հրապարակում Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ։
«Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը, ահա, նշում ենք խաղաղության միջավայրում։ Բայց խաղաղությանն ու խաղաղության գիտակցությանը մենք հասել ենք մեր հազարավոր եղբայրների և քույրերի կյանքի գնով»,– ասաց վարչապետը։
Այնուհետև Փաշինյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը, որից հետո նշեց՝ պետք է արձանագրել, որ անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ այսօր ՀՀ քաղաքացիներն ունեն։
«Որովհետև մեր պետությունն է, որ կարող է երաշխավորել մեր ինքնության, մեր մշակույթի պահպանումն ու զարգացումը։ Մեր պետությունն է, որ կարող է երաշխավորել մեր պատմության շարունակականությունը։ Պետությունն է, որ մեզ մեր ճակատագրի տերն է դարձնում, մեզ դարձնում է մեր ազատության, անվտանգության հեղինակը և երաշխավորը։ Ու մենք պետք է շարունակենք գնալ մեր պետությանը տեր կանգնելու այս ճանապարհով։ Մենք պետք է առաջնորդվենք մեր պետության հարատևության տեսլականով։ Եվ պետությունը, անկախ պետությունը այլևս երազանք չպետք է լինի մեզ համար, այլ մեր երազանքների իրագործում»,– շարունակեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ դարեր շարունակ անկախ պետության մասին երազելուց հետո Հայաստանն այսօր արդեն այդ երազանքի իրականացումն է, և այժմ խնդիրը պետությունը զարգացնելը, ամրապնդելն ու սերունդներին փոխանցելն է՝ միաժամանակ ավելի լավ գիտակցելով, թե ինչ է նշանակում ունենալ պետություն և լինել դրա քաղաքացի։
Հայաստանի Հանրապետության անկախության օրը նշվում է սեպտեմբերի 21-ին։ 1991 թվականի այդ օրը Հայաստանում անցկացվեց անկախության հանրաքվե։ Դրան մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 95,4 տոկոսը, որոնց 94,39 տոկոսը «Այո» պատասխանեց Հայաստանը ԽՍՀՄ կազմից դուրս անկախ ժողովրդավարական պետություն հռչակելու հարցին։