«Կարելի էր շրջանցել գոնե այն, ինչն արդարացում չունի միջազգային իրավունքում»․ Ստեփան Սաֆարյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևը հավասարապես արժանի է այս մրցանակին հայտարարության առիթով

«Ես ինքս հաշտ չեմ այդ մտքի հետ զուտ պրագմատիկ առումներով, ոչ թե էմոցիոնալ դաշտում, այլ զուտ ռեալ պոլիտիկ դաշտում, որովհետև գիտեք՝ հույսը դնել միայն նրա վրա, որ Ալիևին գովաբանելը կամ Ալիևի՝ մրցանակներ շահելը զսպաշապիկ է լինելու նոր պատերազմի, ես կարծում եմ՝ դա առնվազն քաղաքական, դիվանագիտական նաիվություն է»,- հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչող քննադատություններին այն փաստի հետ կապված, որ Արցախի հայաթափման նախօրեին՝ Հեսսեյան խաղաղության մրցանակի հավաստագիր ստանալուց հետո հայտարարել է՝ «ցանկանում եմ նաև գնահատանքս հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին», այսպես պատասխանեց ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը։

Նշեց՝ հասկանում է, որ իշխանությունները փորձում են մեղմել վտանգները, այսպես ասած՝ սիրաշահել, որ Իլհամ Ալիևը վերջնական ստորագրի խաղաղության պայմանագիրը, ու ասաց․ «Բայց կներեք՝ զուգահեռ տեղի է ունենում շատ վատ բան այդպիսի մարտավարության դեպքում։ Մենք, ըստ էության, ասում ենք, որ մենք նորմալ ենք վերաբերվում հակամարտությունները ռազմական եղանակով լուծելուն, որովհետև Ալիևն, ըստ էության, խախտել է միջազգային կանոններ՝ անկախ իր ունեցած իրավունքներից, որը միջազգային փաստաթղթերում ամրագրել են․ ենթադրենք՝ Արցախի տարածքային պատկանելությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում և այլն, բայց բոլոր դեպքերում՝ ինքը խոշոր առումով խախտել է խաղի միջազգային կանոն․ դա վեճերը կամ հակամարտությունները ռազմական ճանապարհով չլուծելու պարտավորությունն է։

Պատահական չէր, որ 30 տարի շարունակ ասվում էր, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, հիմա, բացի այն, որ մենք ուղղակիորեն օրինականացնում ենք, մեր ձեռքով օրինականացվում է և նրա ցուցադրված նախահարձակ երկու պատերազմները և նաև էթնիկ զտումը, բայց ստացվում է, որ մի կողմից ապավինում ենք, որ Ալիևը ենթարկվի միջազգային կարգին, մյուս կողմից մենք գրեթե մեր կողմից չենք օրինականացնում միջազգային կանոնները խախտելու՝ նրա վարքագիծը։ Սա հակասություն է, և այս հակասության պայմաններում դեռ մի կողմ եմ թողնում, որ Ալիևն իրեն զգում է հաղթած տակավին, ուժեղ դիրքերից, սա դեռ մյուս խնդիրն է, բայց ստացվում է, որ Ալիևն էլ կարող է մի կողմից խախտել միջազգային կանոնները, պայմաններ, որոնք ամրագրված սկզբունքներ են, որոնցից մեկը ռազմական եղանակով վեճերը չլուծելն է, որովհետև մենք ակնկալում ենք, որ ինքը ստորագրի մի պայմանագիր, որտեղ գրված է, որ Ալիևը այսուհետ բոլոր վեճերը լուծելու է ոչ ուժի միջոցով, ոչ ռազմական եղանակով։ Այդ դեպքում եմ՝ ինչո՞ւ ենք ինքներս վտանգում այն, ինչ ուզում ենք ստանալ Ադրբեջանից»։

Հետաքրքրվեցինք՝ այսինքն՝ կարծում ենք, որ այսպիսի հայտարարությունը նաև հետագա սերունդներին է վնասելո՞ւ, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց․ «Չգիտեմ՝ երկարաժամկետ կտրվածքում ինչ ական կլինի, բայց վստահ եմ՝ եթե նույնիսկ զիջեն իմ կամ որևէ մեկի կողմից ուրվագծվելիք վատատեսական սցենարին մեր քննադատները, ակնհայտ է, որ մենք ինքներս կոլիզիա ենք առաջացնում․ մի կողմից ակնկալում ենք, որ Ադրբեջանը կենթարկի միջազգային խաղի կանոններին, մյուս կողմից մենք ասում ենք՝ նորմալ է, որ նա արդեն քանի անգամ խախտել է միջազգային խաղի կանոնը։ Ես էլի եմ կրկնում՝ եթե նույնիսկ այդ մրցանակի ստանալը երկու կողմերի համար որևէ ձևով առաջ է տանում գործընթաց, ես դեմ չեմ որևէ տեսակի հայտարարության, բայց կարելի էր շրջանցել գոնե այն, ինչն արդարացում չունի միջազգային իրավունքում։ Ուրիշ բան ասել Ալիևին, ուրիշ գնահատականներ տալ։ Ասեին՝ օրինակ՝ Ադրբեջանը և ՀՀ-ն հասկանում են երկարաժամկետ խաղաղության գինը։ Հազար բան կարելի է ասել․ դիվանագիտության մեջ լիքը ձևակերպումներ կան դա ասելու համար, բայց ոչ թե կներեք՝ արդարացնենք նաև այն, ինչն արդարացում չունի։ Մեծագույն ցանկության դեպքում էլ ոչ ես, ոչ այս իշխանությունը չեն կարող ուղղակի երաշխավորել, որ հետագա սերունդն արդարացնելու է այդ հայտարարությունը, հետևաբար՝ պետք չէ նաև ականներ դնել ապագայի համար։

Ի վերջո, ցանկացած իշխանություն ժամանակավոր է, և որքան էլ գնահատվի խաղաղություն հաստատելու ուղղությամբ ջանքերը, այնուամենայնիվ, խաղաղությունը որոշակի չափանիշների պիտի բավարարի։ Այնքան էլ միամիտ չեմ․ այս անարխիկ աշխարհում, որտեղ ով ում վրա ուզում, հարձակվում է, ուժեղը պայմաններ է թելադրում, հասկանում եմ, որ այսպես կոչված՝ ինչ մենք բոլորս կուզենանք, որ լինի՝ արժանապատիվ խաղաղություն անվանենք, թե արդար խաղաղություն անվանենք, բոլոր դեպքերում արդարության որոշակի չափանիշներին պետք է բավարարի։ Չեմ ասում՝ թող հարյուր տոկոս իդեալական լինեն այդ չափանիշները, բայց ծուռ հիմքերի վրա խաղաղություն չես կառուցի։ Դա շենք է»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment