«Այսօրվա հանդիպումը Հանրապետության հրապարակում չի կայանա, որովհետև Երևանի քաղաքապետարանը պարզ է՝ վերևների հրամանով, ինձ առաջարկեց փոխել օրը։ Տոնական օրվա ստեղծողին, հիմնադրին, փաստորեն, ողջունելու և ասպարեզ տալու փոխարեն աշխատում են մեկուսացնել։ Մարդիկ պետք է ծանոթ չլինեն իրենց պատմության կարևորագույն դրվագին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։
Նա փաստեց՝ սեպտեմբերի 21-ը ՀՀ-ում նշվում է՝ որպես կարևորագույն տոն, բայց անունն է սխալ․ «ԽՍՀՄ-ում չկար օրենք հանրաքվեի մասին։ Կարողացանք Գորբաչովին ստիպել ընդունել հանրաքվեի մասին օրենք։ ՀՀ-ն 1991-ի սեպտեմբերի 21-ին առաջին անգամ ինքնորոշման գործողությամբ իր ազգային նպատակի իրականացման օգտին արտահայտվեց։ Սա ինքնորոշման տոնն է։ Տարբեր տեսակի անգրագետներ, թշնամիներ կոչում են անկախության տոն, քանի որ իրենք մեր հայրերին են դեմ։ Մեր հայրերը 1919-նն են պաշտոնապես նշել՝ որպես անկախության վերականգնման օր։ Իրականում մեր անկախությունը Հայկի ու Բելի կռվից է սկսվում։ Պատմական իրողություն է՝ մենք պետք է մեր ազգային տոմարը սկսենք օգտագործել, բուն հայկական թվագրությունը։ Մեր իշխանություններն իրենց շատ վատ են պահել, նրանք բոլորը թերի հայեր են կամ գործակալ, կամ էլ վախկոտներ։ Չհասկացան ազգին վերաբերող որևէ հարց։ Այսօր խոսում ենք ԿԳԲ-ի սարքած սահմաններն օրինականացնելու մասին։ Ով ինքնորոշման բառի փոխարեն այլ բառ կօգտագործի օտարի գործակալ է։ Մենք անկախության վերականգնման տոն ունեցել ենք․ դա մայիսի 28-ն է»։
Այնուհետև Պարույր Հայրիկյանը պատմեց իր բանտարկության և փորձությունների մասին․ «Անկախության պայքար որդեգրել եմ 18 տարեկանում՝ ԱՄԿ երիտասարդական կառույցների ղեկավար եմ դարձել։ Այն ժամանակ հանրաքվեն մեր նպատակների մեջ չէր մտնում, դրա մասին նույնիսկ չգիտեինք․ խոսք էր գնում՝ միայն անկախություն՝ ամեն գնով։ Առաջին 4 տարիները կալանավայրում անցկացնելուց հետո վերադարձա մեծագույն փորձառությամբ և առաջարկեցի, որ ՀՀ-ում անկախության ճանապարհը որդեգրվի անկախության հանրաքվեով։ Ստացա Ազգային միացյալ կուսակցության հիմնադիր Հայկազ Խաչատրյանի օրհնությունը, չնայած ինքը և Ստեփան Զատիկյանը թերահավատ էին, որ անազատության պայմաններում գտնվող ժողովուրդը կարող է հանրաքվեի պայմաններում ճիշտ քվեարկել, բայց վստահեցին ինձ և օրհնեցին իմ ճանապարհը։ Ազգային միացյալ կուսակցության առանձին հզոր մասնաճյուղեր կազմակերպեցի, դրանց ղեկավարները կազմեցին խորհուրդ, ընտրություններում ընտրվեցի կազմակերպության ղեկավար։ Անկախություն հանրաքվեի ճանապարհը հայտարարվեց մեր առաջնահերթ խնդիրը։ ԿԳԲ-ն պարապ նստած չէր, մեզ կրկին կալանավորեցին, բայց արդեն պատրաստ էինք կալանքին։ Կալանքը մեզ չէր կանգնեցնում։ ԱՄԿ-ն ղեկավարում էի նաև բանտից։ ԿԳԲ-ն իմ այդ բուռն գործունեությունը ներել չէր կարող, և երբ իմ հիմնական կալանքի ժամկետն ավարտվեց, իմ նկատմամբ նոր քրեական գործ հարուցեցին և կալանքի ժամկետը երկարաձգեցին։ Ինձ քրեակատարողական ճամբար ուղարկեցին ևս երեք տարով։ Ինձ միայն օդանավով էին տեղափոխում։ Դա արվում էր, քանի որ անհանգստանում էին, որ կարող եմ այդ ճանապարհներն օգտագործել գործընկերներիս հետ կապի մեջ լինելու համար։ Իմ ձևն ունեի․ մշտական կապի մեջ էի իմ ընկերների հետ»։
Պարույր Հայրիկյանը պատմեց, որ դիմել է Գորբաչովին՝ ասելով, որ եթե ժողովրդավար ես, ուրեմն կարող եմ արդեն բացահայտ գործել, բայց նրանից ստացել է՝ Ձեզ պատասխան չկա․ «Ասացինք, որ լռությունը համաձայնության նշան է։ 1987-ին վերադարձա ՀՀ, և հիմնադրեցինք Ազգային ինքնորոշում միավորումը։ Լինելով ԱՄԿ ղեկավար՝ իրավունք ունեի ԱՄԿ-ին ընդհատակից հանելու, բայց մեղմ ասած՝ նախկին ԱՄԿ-անները դարձել էին զգուշավոր, չուզեցին բացահայտ գործել։ ԱԻՄ-ը ԽՍՀՄ-ի ժամանակ առաջին ժողովրդավարական և այլընտրանքային կազմակերպությունն էր։ Ուզում էի, որ 20-րդ դարասկզբի սխալը չկատարեինք, երբ ունեինք բազում նվիրյալներ, բայց նրանց ղեկավարներն անկախությունն առաջնահերթություն չէին համարում։ 1988-ի սկզբին արցախյան շարժումը մեր կազմակերպչական, գաղափարական գործունեության դրսևորումներից մեկն էր»։
Պարույր Հայրիկյանն ասաց, որ միտումնավոր իր գրած երգերը, իր կենսագրությունը թաքցվում է, որովհետև ըստ նրա՝ տեսել են՝ 1988-ին իր անցած ճանապարհը խանդավառեց մի ամբողջ սերնդի, որ հիմա այդ բանը չկատարվի և արմատավորվի ստրուկը․ «Փորձում են սպանել նաև այդ կերպարը։ Դա չի հաջողվելու»։
Պարույր Հայրիկյանի ուղերձն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: