«Կարևորում ենք շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում մարդու իրավունքների նկատմամբ անկախ և արդյունավետ հասարակական վերահսկողության երաշխավորումը». հայտարարություն

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, կարևորում ենք շուրջօրյա խնամք տրամադրող  կազմակերպություններում մարդու իրավունքների նկատմամբ անկախ և արդյունավետ հասարակական վերահսկողության երաշխավորումը։  

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի «Շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում հասարակական մշտադիտարկման իրականացման կարգը, պայմանները,  հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, հասարակական դիտորդ  դառնալուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի  իրավասությունների շրջանակը սահմանելու մասին» հրամանի վերաբերյալ ներքոստորոգրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ներկայացրել են մի շարք առաջարկներ՝ ուղղված դիտորդական խմբի անկախության, գործունեության արդյունավետության, թափանցիկության և կայունության ամրապնդմանը։

Ողջունում ենք ներկայացված առաջարկների մի մասի ամբողջական կամ մասնակի ընդունումը։ Միևնույն ժամանակ, նախագծում պահպանվել են մի շարք կարգավորումներ, որոնք բավարար չափով  չեն երաշխավորում հասարակական մշտադիտարկման ինստիտուցիոնալ անկախությունը և ինքնավարությունը։  

Հատկապես մտահոգիչ է հասարակական դիտորդների ընտրության՝ կարգով նախատեսված  մրցութային մեխանիզմը, որը նախարարությանը և նրա կողմից ձևավորված հանձնաժողովին է վերապահում  թեկնածուների միջև ընտրություն կատարելու էական հայեցողական լիազորություն։ Հասարակական մշտադիտարկման նպատակը պետական մարմնի կամ նրա կողմից ձևավորված հանձնաժողովի կողմից լավագույն թեկնածուների ընտրությունը չէ։ Դիտորդական խմբի ձևավորման հիմքում պետք է լինի նախապես սահմանված, հստակ, օբյեկտիվ և չափելի չափանիշներին թեկնածուների համապատասխանության գնահատումը՝ հնարավորինս բացառելով վերահսկվող համակարգերի հայեցողական ազդեցությունը դիտորդների ընտրության վրա։ 

Հետևաբար, հասարակական դիտորդների խմբում ներգրավվելու հնարավորությունը պետք է  պայմանավորված լինի սահմանված օբյեկտիվ չափանիշներին մասնագիտական փորձին,  համապատասխան գիտելիքներին և հմտություններին, անկախության և անաչառության պահանջներին, շահերի բախման բացակայության և այլ պահանջներին համապատասխանությամբ, այլ ոչ թե  նախարարության կամ նրա կողմից ձևավորված հանձնաժողովի սուբյեկտիվ գնահատականով։

Հայաստանում հասարակական մշտադիտարկման փորձը ցույց է տալիս, որ անկախ դիտորդական  մեխանիզմների ձևավորումը հնարավոր է՝ համապատասխանության օբյեկտիվ չափանիշների և քաղաքացիական հասարակության ինքնավար գործունեության սկզբունքով։ Քրեակատարողական հիմնարկներում և հոգեբուժական կազմակերպություններում դիտորդական  խմբերի ձևավորման մեխանիզմը կարող է հիմք հանդիսանալ շուրջօրյա խնամքի կազմակերպություններում հասարակական դիտորդականխմբի ձևավորման համար՝ բացառելով  վերահսկվող պետական համակարգի կողմից դիտորդների ընտրության նկատմամբ  ազդեցությունը։ 

Հրամանը սահմանափակում է տեսանկարահանման հնարավորությունը, չի երաշխավորվում նաև խնամք ստացող անձի հետ դիտորդի առանձնազրույցների գաղտնիությունը առանց երրորդ  անձանց։ Մինչդեռ տեսանկարահանման և առանց երրորդ անձանց առանձնազրույցների երաշխիքը էական  նշանակություն ունի հնարավոր բռնության, վատ վերաբերմունքի, իրավունքների սահմանափակման և այլ խախտումների բացահայտման համար։ Երրորդ անձանց ներկայությունը կարող է խոչընդոտել անձի ազատ արտահայտվելուն և էականորեն նվազեցնել մշտադիտարկման միջոցով հնարավոր  խախտումների բացահայտման արդյունավետությունը։

Խնդրահարույց է նաև հասարակական դիտորդի՝ խոհանոց կամ պահեստ մուտք գործելը  սանիտարական գրքույկի ներկայացմամբ պայմանավորելը։ ՀՀ կառավարության N 347-Ն որոշմամբ պարտադիր բժշկական զննության և սանիտարական (բժշկական) գրքույկի պահանջը կապում է սննդամթերքի արտադրության և/կամ շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող անձանց հետ։ Հասարակական դիտորդը նման գործառույթ չի իրականացնում, նրա մանդատը մարդու իրավունքների և խնամքի պայմանների անկախ մշտադիտարկումն է։ Ուստի անհրաժեշտ է բացառել այնպիսի կարգավորումը, որը կարող է անհարկի սահմանափակել դիտորդի՝ մշտադիտարկման համար անհրաժեշտ տարածքներ մուտք գործելու հնարավորությունը։

Խնդրահարույց է, որ անկախ դիտորդական խմբի հաշվետվությունների հրապարակումը կախված է  նախարարությանը նախապես ներկայացնելու և դրա մեկնաբանություններին սպասելու ընթացակարգից, ինչը կարող է հետաձգել խախտումների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը։

Մեկ անգամ ևս դիմում ենք ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությանը՝ 

  • վերանայել հասարակական դիտորդների ներգրավման մեխանիզմը՝ ապահովելով դիտորդների խմբի ձևավորման ու հետագա գործունեության իրական, տեսանելի անկախությունը և սահմանափակելով նախարարության հայեցողական դերակատարությունը դիտորդների ընտրության հարցում,
  • երաշխավորել խնամք ստացող անձանց հետ հասարակական դիտորդների առանձնազրույցների հնարավորությունն առանց երրորդ անձանց ներկայության,
  • վերանայել տեսանկարահանման սահմանափակումները՝ ապահովելով մշտադիտարկման արդյունավետությունն ու անձանց իրավունքների պաշտպանությունը,
  • չեղարկել հասարակական դիտորդի համար սանիտարական գրքույկ ունենալու պարտադիր պահանջը,
  • կրճատել նախարարության կողմից հասարակական դիտորդական խմբի հաշվետվությունների վերաբերյալ մեկնաբանությունների ներկայացման ժամկետները։

Մենք վերահաստատում ենք ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության հետ համագործակցության մեր պատրաստակամությունը՝ նպաստելու շուրջօրյա խնամքի կազմակերպություններում անկախ, ինքնավար և ինքնակարգավորվող հասարակական մշտադիտարկման համակարգի ձևավորմանն ու կայուն շարունակականությանը՝ հիմնված մարդու իրավունքների պաշտպանության, անկախ վերահսկողության, թափանցիկության, հաշվետվողականության և քաղաքացիական հասարակության արդյունավետ մասնակցության սկզբունքների վրա։  

Հայտարարությանը միացած կազմակերպությունները՝ 

  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 
  • Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ 
  • «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 
  • Հոգեկան առողջության հայկական ասոցիացիա 
  • «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ 
  • «Հավասարության ուղի» ՀԿ 
  • «Ստեփանավանի տեղեկատվական կենտրոն» բարեգործական ՀԿ  
  • Կանանի ՀԿ  
  • «Կանանց իրավունքների տուն» ՀԿ 
  • Փինք իրավապաշտպան ՀԿ 
  • Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա 

Հայտարարությունը բաց է միանալու համար։ 

Առաջարկություններին և դրանց ընդունման և չընդունման վերաբերյալ նախարարության դիրքորոշումներին կարող եք ծանոթանալ ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական՝ e-draft հարթակում՝ ներկայացված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի  անունից։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment