Գերմանիայում ՀՀ դեսպանատանը կայացել է պաշտոնական ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ։

Միջոցառմանը մասնակցում էին Գերմանիայի պետական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և դիվանագետներ, դաշնային ու տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ, ինչպես նաև հասարակական, մշակութային, ակադեմիական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։

Բացման խոսքով հանդես եկան Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության եվրոպայի վարչության պետ Քրիստոֆ Իսրանգը։

Իր ելույթում դեսպան Ենգիբարյանն ընդգծել է անկախության՝ որպես հայ ժողովրդի կարևորագույն ձեռքբերման և պետականության հիմնարար արժեքի նշանակությունը, կարևորելով Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և երկրի կայուն ու խաղաղ ապագայի կերտման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերը։

Անդրադառնալով Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների խորացման գործում վերջին տարիներին արձանագրված առաջընթացին՝ ՀՀ դեսպանը որպես երկկողմ գործընկերության կարևոր հանգրվան ընդգծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կողմից նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» համատեղ հռչակագիրը։

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մենք բարձր ենք գնահատում ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը և ողջունում ենք ներկայումս քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների շրջանակներում»։

Գերմանիայում Հայաստանի դեպանն իր ելույթում անդրադարձ է կատարել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հեսսենյան խաղաղության մրցանակի շնորհման խորհրդանշական կարևորությանը՝ նշելով.
«Մեզ համար խորապես խորհրդանշական է այս Խաղաղության մրցանակի ստացումը մի երկրում, որը սեփական պատմությունից գիտի պատերազմի գինը և խաղաղության արժեքը։ Մեզ համար այս ճանաչումն իր նշանակությամբ շատ ավելին է, քան պարզապես պատիվը»։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Քրիստոֆ Իսրանգն իր խոսքում շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ՝ ընդգծելով Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամական հարաբերությունների ու սերտ գործընկերության կարևորությունը։

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment