ՀՀ Անկախության տոնի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպիսին կլիներ սպարապետ Վազգեն Սարգսյանի արձագանքը, եթե նա ողջ լիներ և տեսներ, որ Արցախն այլևս հայկական չէ, ասել է, որ նա երբեք հանձնված վիճակի հետ չի համակերպվել:
«Վազգեն Սարգսյանը դատարկված Արցախ չի պատկերացրել երբեք։ Վազգեն Սարգսյանը երբեք հանձնված վիճակի հետ չի համակերպվել, պարզ չէ՞ դա։ Մենք շատ ավելի ծանր վիճակներից դուրս ենք եկել, 1994 թվականի խաղաղությունն ենք ունեցել։ Եկեք մենք մեզ հիշողությունից չզրկենք։ Եթե զրկվենք այդ հիշողությունից, մեր մարդկային կերպարանքը կկորցնենք»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը:
Պատգամավորն անդրադարձել է նաև ընդդիմության այն պնդումներին, ըստ որոնց՝ գործող իշխանության օրոք Հայաստանի անկախությունը վտանգի տակ է։ Նա ընդգծել է, որ անկախությունը մշտապես պաշտպանելու անհրաժեշտություն կա։
«Նրանք սխալ կարծիք ունեն։ Անկախությունը միշտ պետք է պաշտպանել, և դրա համար բոլորս պետք է պատրաստ լինենք՝ անկախ նրանից՝ իշխանություն ենք, թե ընդդիմություն։ Այ այդտեղ է խնդիրը, որը դեռևս լուծված չէ»,- ասել է Քոչարյանը։
Նա խոսել է նաև սահմանազատման գործընթացի մասին՝ կարևորելով առկա փակուղային իրավիճակների արագ հանգուցալուծումը և միջազգային իրավունքի նորմերով առաջնորդվելը։
«Տեղում դոփելը վատ բան է, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի պատային իրավիճակներն արագ լուծումներ ստանան։ Բայց դա չի նշանակում, որ պետք է զենքերը վերցնենք ու սկսենք իրար վրա կրակել։ Միջազգային իրավունքի նորմերից ելնելով՝ կրակելը պետք է մնա հետին պլանում, իսկ սահմանազատումը պետք է բերի այնպիսի լուծումների, որոնք խախտելն այլևս անհնար լինի»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը։
Քոչարյանը նաև ասել է, որ Վրաստանի հետ սահմանազատումը շարունակվում է արդեն տասնյակ տարիներ, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի:
Ապրիլի 29-ին Աղվերանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 13-րդ հանդիպումը: Կողմերը անդրադարձել են սահմանազատման տեխնիկական հարցերին և համաձայնեցրել են սահմանազատման իրականացման կարգի ուղեցույցները: